Արցախի պետական համալսարան

IMG 4277 IMG 4456

IMG 4388 IMG 4290

Հոկտեմբերի 23-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է գրական-գեղարվեստական միջոցառում՝ նվիրված հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 95-ամյակին:

Միջոցառումը նախաձեռնել է «Դպրատուն» ուսանողական գրական խմբակի ղեկավար, բանասիրության ֆակուլտետի գրականության և լրագրության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանը, որին ներկա էին դասախոսներ, ուսանողներ:

Ուսանողները ասմունքել են Սևակի հայտնի բանաստեղծություններից, ներկայացրել բանաստեղծի կենսագրությունը, գրական գործունեությունը, հանդես են եկել երաժշտական կատարումներով:

«Պարույր Սևակը այն մեծություններից է, ով, սերտելով ազգային ավանդների ամբողջ թանձրույթը, կարողացավ մի նոր խոսք բերել, հայ գրականագիտության, բանաստեղծության մեջ լինել հաճախ օրենսդիր և պայմաններ թելադրող»,- ասել է Զինաիդա Բալայանը՝ հավելելով, որ, լինելով մարդ ափի մեջ, ի մի բերեց հայ ժողովրդի անցյալը, իր ապրած ժամանակաշրջանը, ապագան՝ ուսուցանելով, որ հայ ժողովուրդը հավերժի ճամփորդ է:

Ուսանողուհի Սոնա Մուսայելյանը նշել է, որ Պարույր Սևակը համատեղել է հայ ու համաշխարհային գրականության նորարարական շունչը՝ որոնումն ուղղելով դեպի հավերժական անհայտը՝ մարդը: «Ամբողջ ստեղծագործական կյանքում բանաստեղծը գնաց խիզախման՝ հանուն բարդ համադրություններով առանձնացող արդիական պոեզիայի՝ ժխտելով հեշտն ու պարզունակը, համակերպությանը հակադրելով ընդդիմությունը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այդ ամենն ապացուցել է իր գրական գործունեությամբ և մտավոր-մշակութային զարգացման մեջ ունեցած ներգործուն դերով:

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտորը շնորհակալություն է հայտնել միջոցառումը կազմակերպելու համար՝ գոհունակություն հայտնելով «Դպրատուն» ուսանողական գրական խմբակի ծավալած գործունեությունից: