Արցախի պետական համալսարան

IMG 2601 IMG 2608

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավունքի ամբիոնի դասախոս Շուրա Օհանյանի ծննդյան 70-ամյակն է: Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ դատաիրավական համակարգում երկարամյա բեղմնավոր աշխատանքի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ իրավաբան, Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի անդամ Շուրա Օհանյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ևս օրվա առթիվ Շ. Օհանյանին պարգևատրել է նվերով և շնորհակալագրով:

Շուրա Օհանյանը ԱրՊՀ-ում դասավանդում է 1994 թվականից, դասավանդել է տարբեր առարկաներ, բայց հիմնականում մասնագիտացված է «Քաղաքացիական իրավունք»-ի մեջ: «Դասապրոցեսը հետաքրքիր դարձնելու նպատակով միշտ փորձել եմ օգտագործել դասավանդման տարբեր մեթոդներ՝ հնարավորինս համատեղելով տեսականն ու գործնականը»,- ասել է նա:

Հոբելյարին շնորհավորել և նրա անցած ուղին արժևորել է իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Ռիտա Առուստամյանը: «Շուրա Օհանյանը ամբիոնում երկար տարիների աշխատանքի ընթացքում իրեն դրսևորել է որպես կոլեկտիվի լավ անդամ, նա ուշադիր և հոգատար է ինչպես կոլեկտիվի անդամների, այնպես էլ՝ ուսանողների նկատմամբ»,- ասել է ամբիոնի վարիչը՝ հավելելով, որ դասախոսը անընդհատ կատարելագործում է իր մասնագիտական ունակությունները, պրակտիկ աշխատանքի փորձը հաջողությամբ օգտագործում է տեսական նյութը մատուցելիս, պարբերաբար կազմակերպում է դատավարական միջոցառումներ՝ խթանելով ուսանողների մասնագիտական հմտությունների ձեռքբերումը:

Ուսանող Պարույր Մարտիրոսյանը ևս շնորհավորել է դասախոսին՝ նշելով, որ Շ. Օհանյանը ուսանողների կողմից սիրված դասախոսներից է, որը միշտ պատրաստակամ է նրանց օգնելու հարցում: «Նա հարուստ անցյալ ունեցող իրավաբան է, պատվախնդիր, արժանապատիվ, հրաշալի հումոր և սրամտություն ունեցող դասախոս, հայրենասեր քաղաքացի»,- ասել է ուսանողը:

Շուրա Օհանյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

1977-1979թթ. աշխատել է ԼՂ մարզսպառմիությունում որպես ավագ իրավախորհրդատու:

1979-1994թթ. եղել է Ստեփանակերտի քաղժողդատարանի ժողդատավոր, 1994-1995թթ.՝ Ստեփանակերտի քաղվարչակազմում որպես ավագ իրավախորհրդատու, 1995-1996թթ.՝ ԼՂՀ արդարադատության պետվարչությունում՝ գլխավոր խորհրդական, 1996-2001թթ.՝ ԼՂՀ Գլխավոր դատախազությունում որպես կարևորագույն գործերով ավագ քննիչ:

2002 թվականից Շուրա Օհանյանը ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր է: Ունի արդարադատության 3-րդ դասի դատավորի որակավորում:

2012թ. ԱՀ փաստաբանների պալատի, իսկ 2014թ. պալատի խորհրդի անդամ է:

Պաշտոնական գործունեությանը զուգընթաց զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ: Նա ակտիվորեն մասնակցել է 1988-1994թթ. ԼՂՀ ազատագրական շարժմանը:

2009թ. պարգևատրվել է ԼՂՀ «Մայրություն» ՀԿ-ի «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով:

Շուրա Օհանյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և ներդրած ավանդի համար ԼՂՀ վարչապետ Ա.Հարությունյանի 555-Ա 10.11.2014 թ. որոշմամբ պարգևատրվել է հուշամեդալով: