Արցախի պետական համալսարան

IMG 4499 IMG 4507

Արցախի պետական համալսարանում հոկտեմբերի 21-ից մեկնարկել է առաջին ընթացիկ ստուգումների շրջանը, որը կտևի մինչև նոյեմբերի 1-ը:

Ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանի խոսքով՝ ընթացիկ քննությունների ժամանակ տեղում կարգավորում են տեխնիկական խնդիրները:

«Ուսանողները նաև որևէ հարցի վերաբերյալ համաձայն չլինելու դեպքում կարող են դիմում-բողոք գրել, որից հետո դասախոսը կամ բավարարում է, կամ էլ գնահատականը թողնում է անփոփոխ»,- ասել է նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ տարբեր առարկաներից դիմում- բողոքների թիվը հասնում է 19-ի:

Բաժնի պետը նշել է, որ քննությունները ընթանում են սահմանված կարգին համապատասխան, և որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել:

Գոհար Գասպարյանը ճիշտ է համարում գիտելիքների ստուգումը տարբեր ձևերով կատարելը՝ առանց եզրափակիչ, թեստային և այլն: «Քանի որ աշխարհի տարբեր համալսարաններում գիտելիքները ստուգում են նաև միջանկյալ քննությունների տարբերակով, ուստի ուսանողները պետք է ծանոթ լինեն և սովորեն քննությունների անցկացման նման ձևին»,- ասել է նա՝ հավելելով, որ դա հնարավորություն կտա ուսանողներին այլ երկրների համալսարաններում սովորելու ժամանակ ծանոթ լինելու քննությունների անցկացման համակարգչային տարբերակին:

Նա նաև նշել է, որ ուսումնական պլանների փոփոխման արդյունքում կրճատվել են եզրափակիչ գնահատումով դասընթացների քանակը:

ԱրՊՀ ՈՒԽ նախագահ Լիլիթ Մարգարյանը հաջողություն է մաղթել ուսանողներին` ընդգծելով, որ սովորեն ոչ թե գնահատական, այլ գիտելիքներ ստանալու համար: