Արցախի պետական համալսարան

IMG 4540 IMG 4528

Արցախի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման գծով բաժնի ղեկավար Գոռ Նազարյանը: ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ողջունել է հյուրին՝ կարևորելով նրանց կատարած հայանպաստ, պետականամետ գործունեությունը:

Բաժնի ղեկավարը ուսանողներին ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը և առաջնորդության զարգացման ծրագիրը: «Նպատակն է` հասնելու սոցիալական փոփոխության, որի արդյունքում Հայաստանի բոլոր երեխաները գերազանց կրթություն ստանալու հնարավորություն կունենան»,-ասել է նա՝ հավելելով, որ նպատակին հասնելու համար հավաքագրում և վերապատրաստում են համալսարանների շրջանավարտներին ու երիտասարդ մասնագետներին՝ անկախ մասնագիտությունից՝ գործուղելով համայնքներ:

«Երկու տարի շարունակ բնակվելով համայնքներում՝ ծրագրի մասնակիցները դասավանդում են դպրոցներում՝ իրականացնելով արտադասարանային խմբակներ և համայնքային զարգացման ծրագրեր՝ ուղղված տվյալ համայնքի կյանքի որակի բարելավմանը»,- ասել է Գոռ Նազարյանը:

Նա նաև խոսել է կրթության ոլորտում առկա խնդիրներից՝ առաջնային համարելով հատկապես համայնքներում ուսուցիչների պակասը և հանրակրթական ուսուցումը լիարժեք ապահովելու համար անհրաժեշտ պայմանների բացակայությունը, որի հետևանքով գյուղերը դատարկվում են:

Բաժնի ղեկավարը նշել է, որ ներկայումս ունեն 120-ից ավելի ուսուցիչ-առաջնորդներ, որոնցից շուրջ 30-ը Արցախի Հանրապետությունում են իրենց գործունեությունը ծավալում: