Արցախի պետական համալսարան

IMG 4629  IMG 4608 

IMG 4658 IMG 4632

Հոկտեմբերի 31-ին Արցախի պետական համալսարանում հրավիրվել է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված զբոսաշրջության մասնագիտության գծով աշխատաշուկայի պահանջարկի բավարարման խնդիրներին:

Հանդիպումը նախաձեռնել էր տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնը, որին ներկա էին ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը, նախարարության աշխատակազմի զբոսաշրջության բաժնի պետ Սերգեյ Սարգսյանը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, հյուրանոցների տնօրեններ, դասախոսներ, ուսանողներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատաշուկայի պահանջարկը, ոլորտում անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով օժտված մասնագետ թողարկելու համար ամբիոնի անելիքները, վերհանել ոլորտում առկա խնդիրները և փորձել ուղենշել դրանց լուծման եղանակները:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ զբոսաշրջությունը այսօր տնտեսության գերակա ոլորտն է:

«Բուհի առաքելությունը աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով օժտված մասնագետի պատրաստումն է»,- ասել է դեկանը՝ ընդգծելով, որ ֆակուլտետի առաքելությունը բուհի առաքելության բաղադրիչն է կազմում:

Զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները լուծելու և աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մրցունակ մասնագետներ պատրաստելու համար հյուրերը հանդես են եկել կրթական ծրագրի հարստացմանն ուղղված առաջարկություններով: