Նոյեմբերի 1-ին Արցախի պետական համալսարանում կայացած գիտխորհրդի նիստում քննարկվել են առաջին ընթացիկ ստուգումների ընթացքը, Արցախի մայր բուհի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները և մի շարք այլ հարցեր, տպագրության է երաշխավորվել մեկ ուսումնական ձեռնարկ:
Օրակարգային առաջին հարցով գիտխորհուրդը տպագրության է երաշխավորել ԱրՊՀ որակի ապահովման ձեռնարկը:
Հաջորդիվ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանը ներկայացրել է առաջին ընթացիկ ստուգումների մասին հարցը՝ նշելով, որ ուսումնական պլանում կրճատվել են եզրափակիչ գնահատումով դասընթացների քանակը, ըստ այդմ էլ ընթացիկ ստուգումների քանակը: «Ստուգումները ընթացել են առանց արտառոց դեպքերի, եղած տեխնիկական խնդիրներն էլ տեղում կարգավորվել են»,- նշել է նա:
Գիտխորհուրդը հաստատել է նաև ԱրՊՀ բակալավրիատի (առկա և հեռակա ուսուցման համակարգի) 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների ցանկը լիազոր մարմին ներկայացնելու մասին, ԱրՊՀ գիտխորհրդին կից գործող մշտական հանձնաժողովներում փոփոխություն կատարելու մասին հարցերը:
ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը մանրամասն ներկայացրել է նոյեմբերի 3-ից 5-ը Արցախի մայր բուհի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողովի նախապատարաստական աշխատանքները:
Համալսարանական կրթության որակի ապահովման և միջազգային համագործակցության բաժնի պետ Հասմիկ Մինասյանը օրակարգի մյուս հարցով ներկայացրել է ԱրՊՀ ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության զեկույցի պատրաստման ընթացիկ աշխատանքները: