Արցախի պետական համալսարան

IMG 5439 IMG 5558

IMG 5533 IMG 5748

Այսօր` նոյեմբերի 5-ին, «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում տեղի ունեցավ Արցախի մայր բուհի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ԱրՊՀ կողմից հավաստագրեր հանձնվեցին գիտաժողովի մասնակիցներին:

Շնորհակալություն հայտնելով գործընկեր բուհերի ղեկավար կազմերին և գիտաժողովին մասնակից բոլոր ուսանողներին` ԱրՊՀ ռեկտորն, ամփոփելով գիտաժողովի արդյունքները, իր գոհունակություն է հայտնել ընթացքից և նշել, որ 200-ից ավելի ներկայացրած հայտերից գիտաժողովին մասնակցելու իրավունք է ստացել 150-ը, որին ընտրել է հանձնաժողովը` ըստ նախապես ուղարկված զեկուցումների:

Կարևորելով գիտաժողովի նշանակությունը` ռեկտորն ընդգծել է միջբուհական գործակցության անհրաժեշտությունը նաև ուսանողական գիտաժողովների ձևաչափով, ինչին, նրա խոսքով, միտված էր այս գիտաժողովը, որի արդյունավետությունը փաստեցին նաև մասնակիցները:

«Բուհի որդեգրած առաքելությունը ոչ միայն լավ մասնագետներ պատրաստելն է, այլ նաև նպաստելը ակտիվ կենսադիրք, լիարժեք ու արժանի քաղաքացի ձևավորելուն: Բուհի կողմից կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում պետք է ծառայի այդ առաքելությանը»,-ասել է ռեկտորը` հավելելով, որ ոգևորիչ է գիտաժողովին մասնակցության հայտ ներկայացրածների թիվը, ինչը փաստում է գիտության հանդեպ ուսանողների ցուցաբերած մեծ հետաքրքրությունն ու ձգտումը:

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանն իր հերթին ողջունել և   շնորհավորել է Արցախի Մայր   բուհի     հիմնադրման   50-ամյակի կապակցությամբ և   կարևորել միջազգային   գիտաժողովների   անցկացումն   Արցախում:

Հավաստագրերի հանձնման արարողությանը հաջորդել է «Բարձրագույն կրթության արդի հիմնախնդիրները» թեմայով ուսանողական ֆորումը: Ընդարձակ ելույթով հանդես է եկել ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը` ներկայացնելով ոլորտի արդիական հարցերը, ԱրՊՀ կառուցվածքը, զարգացման հեռանկարները, ուսանողական կառույցների աշխատանքի կազմակերպումը:

Մասնակից ուսանողները ևս հանդես են եկել ելույթներով` ներկայացնելով իրենց բուհերի առանձնահատկությունները:

Ամփոփելով երկօրյա գիտաժողովի արդյունքները` մասնակիցները կիսել են իրենց տպավորությունները:

«Անչափ կարևոր եմ համարում այս գիտաժողովի աշխատանքները: Այս անգամ գիտությունը մեզ բերեց Արցախ: Շնորհակալ եմ ընձեռած հնարավորության համար: Ես մասնակցել եմ տարբեր գիտաժողովների: Այս գիտաժողովը կազմակերպված էր բարձր մակարդակով»,-մասնավորապես նշել է ԵՊՀ ուսանող Սամվել Եղիազարյանը:

«Այս գիտաժողովը ինձ հնարավորություն տվեց մտնել գիտության մի նոր աշխարհ, Արցախը մի նոր տեսանկյունից բացահայտելու»,-նշել է Գորիսի պետական համալսարանի ուսանողուհի Էմիլյա Խաչատրյանը:

«Ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերեցինք, այլ նաև նոր ընկերներ, հաճելին համատեղեցինք օգտակարի հետ»,-ասել է ՀՌՀ ուսանող Միքայել Արշակյանը:

Ուսանողները շրջել են նաև Գանձասարի վանական համալիրում, կատարել մոմավառություն: