Նոյեմբերի 6-ին Արցախի պետական համալսարանում նշվել է խնայողությունների միջազգային օրը: Միջոցառումը նախաձեռնել էր ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Ավանեսյանը, որին ներկա էին ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը, ուսանողներ:
Նարինե Ավանեսյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է օրվա խորհուրդը: Միջոցառման ընթացքում «Ֆինանսներ» 4-րդ կուրսի ուսանողուհի Տաթև Ղահրիյանը, անդրադառնալով ջրային ռեսուրսներին, մանրամասն ներկայացրել է երկիր մոլորակի վրա ջրային ռեսուրսների կառուցվածքը՝ նշելով, որ ներկայիս սպառման պայմաններում Հայաստանի ջրային ռեսուրսները բավարար են ներքին կարիքների համար: Նա նաև անդրադարձել է Արցախի Հանրապետության ջրային ռեսուրսներին:
Ուսանողները ընթերցումների շրջանակում անդրադարձել են նաև ավանդների տեսակին, ԱՀ տարածքում գործող առևտրային բանկերի ներգրավված ավանդներին, խոսել էներգիայի խնայողությունից:
Ֆակուլտետի դեկանը շնորհակալություն է հայտնել ամբիոնի վարիչին միջոցառումը կազմակերպելու համար՝ կարևորելով գիտաճանաչողական միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը: