ՀՀ կենտրոնական բանկի կողմից ԱրՊՀ-ում ներկայացվել է հաշվետվություն

07.11

2019

IMG 6126 IMG 6141

IMG 6191 IMG 6167

Նոյեմբերի 7-ին ՀՀ Կենտրոնական բանկի պատվիրակությունը Արցախի պետական համալսարանում ներկայացրել է հաշվետվություն: Միջոցառմանը ներկա էին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, ՀՀ ԿԲ ներկայացուցիչներ, ֆինանսական ոլորտի պատասխանատուներ, Արցախում գործող տեղական և մասնաճյուղային բանկերի կառավարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԲ-ին համագործակցության և ԱրՊՀ այցելելու համար:

«Կենտրոնական բանկն իր յուրահատուկ ներդրումն ունի Արցախի պետական համալսարանի և հատկապես տնտեսագիտության ֆակուլտետի զարգացման գործում: Մեր ուսանողները մասնակցում են ՀՀ ԿԲ-ի հայտարարած մրցույթին և առաջնակարգ տեղեր գրավում՝ արժանանալով ԿԲ-ի անվանական կրթաթոշակներին»,- ասել է ռեկտորը:

Ներկաներին ողջունել է նաև ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը՝ նշելով, որ հանդիպման նպատակն է ներկայացնել գների կայունության և ֆինանսական կայունության գործիքակազմը:

«Մենք աշխատանքի մեջ չափազանց կարևորում ենք մեր շահառուների, համալսարանների պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանիպումները»,- ասել է խորհրդի անդամը՝ հավելելով, որ ԿԲ-ի համար կարևոր է ոչ միայն մշակվող քաղաքականությունների որակը և դրա իրականացումը, այլև իրականացման գործընթացը: «Այն ոլորտները, որը կարգավորում է, և որի ուղղությամբ ԿԲ-ն վարում է քաղաքականություն, դրանով պայմանավորված է տնտեսական աճի կայունությունը և բնակչության բարեկեցությունը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ ԿԲ-ի համար կարևոր է լինել վստահելի և հուսալի գործընկեր:

ԱՀ ֆինանսների նախարարը ողջունել է ԱրՊՀ-ում ԿԲ-ի նախաձեռնությունը՝ նաև համալսարանականներին շնորհավորելով Արցախի մայր բուհի հիմնադրման 50-ամյակի առթիվ:

«ԿԲ-ի հետ մեր համագործակցությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա՝ ընդգրկելով տարբեր ուղղություններ»,- ասել է նախարարը՝ կարևորելով պետականության զարգացման գործում ՀՀ ԿԲ-ի կատարած կարևոր առաքելությունը և նշելով, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Գնաճի հաշվետվությունը ներկայացրել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը: «Կենտրոնական բանկի դերը տնտեսությունում. դրամավարկային քաղաքականություն» թեմայով բանախոսությամբ նա խոսել է գնաճի, գների կայունության, գնաճային սպասումների մասին: «Գնաճը մեծացնում է դրամավարկային քաղաքականության, գների զարգացումների հետ կապված անորոշությունները՝ առաջացնելով տնտեսական տատանողական աճ»: Անդրադառնալով ԿԲ-ի գործունեությանը՝ Վահագն Գրիգորյանը նշել է, որ ԿԲ-ն իր քաղաքականության մեջ առաջնորդվում է ընդհանուր հասարակության շահերով, ոչ թե առանձին խմբերի շահերով՝ հավելելով, որ իրենց քաղաքականությունը միտված է ապագային և պետք է բխի մարդկանց շահերից:

Գնաճի հաշվետվությամբ է հանդես եկել ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին հատվածի վերլուծության և կանխատեսումների բաժնի միկրոտնտեսագետ Արմինե Յարալովան: Ֆինանսական կայունության հաշվետվությունը ներկայացրել են ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության ֆինանսական կայունության մոնիտորինգի և ճգնաժամերի կառավարման բաժնի պետ Կարինե Համբարյանը, ֆինանսական կայունության մոնիտորինգի և ճգնաժամերի կառավարման բաժնի վերլուծաբան Սամվել Հովհաննիսյանը:

Միջոցառումը ամփոփվել է հարցուպատասխանով: