Արցախի պետական համալսարան

IMG 6491 IMG 6495

IMG 6532 IMG 6504

Նոյեմբերի 12-ին Արցախի պետական համալսարանում նշվել է հաշվապահի միջազգային օրը:

Օրվա առթիվ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Ավանեսյանը և ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիամ Գևորգյանը կազմակերպել են մասնագիտական խաղ-մրցույթ, որին ներկա էին ֆակուլտետի դեկան տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը, հաշվապահական հաշվառման բաժնի պետ Նարինե Գրիգորյանը, դասախոսներ, ուսանողներ:

Նարինե Ավանեսյանը շնորհավորել է բոլոր տնտեսագետներին օրվա առթիվ, ներկայացրել օրվա ծագման պատմությունը և ընդգծել, որ մրցույթի նպատակն է ստուգել ուսանողների մասնագիտական գիտելիքները: «Հաշվապահների միջազգային խորհրդանիշի վրա գրված գիտություն, անկախություն և բարեխղճություն բառերը վկայում են այն սկզբունքներին հավատարմության մասին, որով առաջնորդվում են հաշվապահները»,- ասել է նա:

Ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիամ Գևորգյանը ընդգծել է, որ ժամանակակից գործնական աշխարհում հաշվապահի մասնագիտությունը ամենապահանջվածներից է և, հետևաբար, ամենատարածվածներիցը: «Արդի հաշվապահի առօրյա պարտականությունների կատարումը անհնար է առանց համակարգչի, ինչպես նաև հաշվապահական և հաշվողական ծրագրերի տիրապետման»,- ասել է ՈՒԳԸ նախագահը՝ հավելելով, որ դրանք օպտիմալացնում, կանոնակարգում են աշխատանքը՝ օգնելով գործել արագ և առավելագույնս արդյունավետ:

Համալսարանի գլխավոր հաշվապահը կարևորել է նման միջոցառումների հաճախակի կազմակերպումը՝ նշելով, որ դրանք նպաստում են ուսանողների գիտելիքների ամրապնդմանը:

Մրցույթին մասնակցում էին ֆակուլտետի տարբեր մասնագիտության ուսանողներ: Խաղի ավարտին հաղթող և ակտիվ թիմերը պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով, իսկ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մարիամ Գևորգյանը պարգևատրվել է շնորհակալագրով՝ խաղ-մրցույթը կազմակերպելու համար: