Նոյեմբերի 14-ին տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը ֆակուլտետի խորհրդի նիստում ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա հաշվետվությունը: Նիստին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ֆակուլտետի խորհրդի անդամները:
Օրակարգային առաջին հարցով Ռուզաննա Մանգասարյանը ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա գործունեության մասին հաշվետվությունը, որը ներառում է հետևյալ ուղղություններով միջոցառումների իրականացումը՝ ուսումնական գործընթաց, գիտահետազոտական աշխատանքներ, կազմակերպչական աշխատանքներ, ուսանողների հետ տարվող աշխատանքներ:
«Ֆակուլտետում հետևողական աշխատանքներ են իրականացվել ուսումնական գործընթացի բարելավման, գիտահետազոտական գործունեության ընդլայնման, ուսանողական միջոցառումների ակտիվացման ուղղություններով»,- ասել է դեկանը:
Նա նշել է, որ հաշվետու տարում մշակվել և հաստատվել է «Տնտեսագիտության ֆակուլտետի ռաազմավարություն»-ը, ըստ որի՝ ֆակուլտետի առաքելությունը աշխատանքի շուկայի պահանջարկին համահունչ, մասնագիտական գիտելիքներով և հմտություններով մրցունակ, համամարդկային արժեքները ճանաչող, գիտելիքահեն տնտեսության կայացմանն աջակցող համապատասխան մասնագիտությունների գծով մասնագետների պատրաստումն է:
«Ֆակուլտետի տեսլականն է բարձրացնել ստորաբաժանման գործունեության արդյունավետությունը, նպաստել ֆակուլտետի մրցունակության բարձրացմանը, ապահովել կրթական բարձր որակի մշակույթի ձևավորումը»,- ասել է նա՝ հավելելով, որ մատուցվող կրթական ծառայությունները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին:
Նա մանրամասն խոսել է համալսարանական կրթության զարգացման քաղաքականության շրջանակում 2018-2019 ուսումնական տարում ֆակուլտետում իրականացված գիտական միջոցառումներից, ուսումնա-արտադրական և գիտամանկավարժական փորձուսուցումներից:
Ֆակուլտետի խորհուրդը բավարար է գնահատել 2018-2019 ուսումնական տարում ֆակուլտետի կատարած աշխատանքները:
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռուզաննա Մանգասարյանին և պրոֆեսորադասախոսական կազմին՝ կատարած աշխատանքի համար:
Հանդիպման վերջում ռեկտորը պատասխանել է ներկաների հարցերին: