Նոյեմբերի 14-ին Արցախի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպել են «Սիներջի» ընկերության ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը, «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության ուսանողներ:
Գեորգի Սահակյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել համալսարան այցելելու համար՝ կարևորելով բուհ-գործատու կապի ամրապնդման ուղղությամբ նման հանդիպումների նշանակությունը:
Ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են «Սիներջի»-ի ստեղծման պատմությունը, ծավալած գործունեությունը, մանրամասն խոսել ծրագրերից՝ նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ծառայությունների և ծրագրային ապահովման ոլորտը Հայաստանի Հանրապետությունում ամենահաջողակ և արագ զարգացող ճյուղերից է: Նրանք ընդգծել են, որ տեսականը պրակտիկայում ամրապնդելու համար անհրաժեշտ է անընդհատ հետևել ոլորտի նորարարություններին, խորացված ուսումնասիրել օնլայն հարթակներում առկա ծրագրերը և փորձել կիրառել դրանք:
Հանդիպման վերջում նրանք պատասխանել են ուսանողների հարցերին: