Նոյեմբերի 18-ին Ուսանողների միջազգային օրվա առթիվ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանի հրամանով պարգևատրվել են մի խումբ ուսանողներ:
Պատվոգրերով և մասնագիտական գրքերով պարգևատրվել են «Տարվա լավագույն ուսանող», «Դատախաղ» և Ուսանողի միջազգային օրվա կապակցությամբ անցկացված մրցույթներում «Լավագույն գեղանկար», «Լավագույն լուսանկար», «Լավագույն թղթակից», «Սեղանի թենիս», «Ինտելեկտուալ մրցույթ», «Հրաձգություն» անվանակարգերում հաղթող ճանաչված, ուսման բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորած, ներհամալսարանական և արտահամալսարանական ակտիվ գործունեություն ծավալած, հասարակական բարձր ակտիվություն ցուցաբերած, ուսանողական ինքնավար կառույցների աշխատանքը լավագույնս կազմակերպած, ուսումնագիտական, մշակութային, մարզական տարաբնույթ միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողները:
Համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհավորել է ուսանողներին տոնի առթիվ՝ նշելով, որ ներկայումս աշխարհում բարձրագույն կրթության բնագավառում մեծ բարեփոխումներ են կատարվում, որոնց հիմնական սկզբունքներից մեկը միտված է ուսանողակենտրոն համալսարանների կայացմանը: Ռեկտորը նաև ընդգծել է, որ վերջին տարիներին ուսանողները ակտիվ մասնակցում են համալսարանի բոլոր աշխատանքներին:
Օրվա առթիվ շնորհավորանքի խոսքեր են ասել նաև պրոռեկտորները՝ կարևորելով ուսանողների ունեցած դերը երկրի տարբեր ոլորտների զարգացման գործընթացում:
Համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Լիլիթ Մարգարյանը ևս շնորհավորել է ուսանողներին օրվա առթիվ՝ մաղթելով անսպառ եռանդ, գիտելիքների հարուստ պաշար, մասնագիտական ձեռքբերումներ և հաջողություններ ուսման բնագավառում: «Ուսանողներիս հիմնական առաքելությունը կրթությունն է և մեր պարտքն է մեր գիտելիքներով նպաստել մեր երկրի բարօրությանը»: