Արցախի պետական համալսարան

IMG 7233

Նոյեմբերի 18-ին Արցախի պետական համալսարանում կայացել է «Տարվա լավագույն ուսանող» մրցույթի ներբուհական փուլը: Հաղթող է ճանաչվել տնտեսագիտության ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Գևորգյանը:

Մրցույթի նպատակն է բացահայտել այն ուսանողներին, ովքեր ունեն ուսումնական բարձր առաջադիմություն, գիտահետազոտական հակումներ և ակտիվություն ստեղծագործական, սպորտի և հասարակական կյանքի բնագավառներում: Մրցույթն անց է կացվել՝ հիմք ընդունելով ներկայացված թեկնածուների ուսման առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումները և հասարակական ակտիվությունը:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի նիստում ուսումնասիրվել, քննարկվել և թեկնածուների հետ կազմակերպվել են հարցազրույցներ: Հաշվի առնելով մրցույթի անցկացման կարգի պահանջները` ուսման առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումները և հասարակական ակտիվությունը` մրցութային հանձնաժողովը առանձնացրել է երեք թեկնածուների` Մարիամ Գևորգյանին, Անի Հակոբյանին, Լիլիանա Հայրիյանին, որոնք աչքի են ընկել նշված բոլոր ուղղություններով: Հանձնաժողովի քննարկման արդյունքում ԱրՊՀ լավագույն ուսանող է ճանաչվել Մարիամ Տիգրանի Գևորգյանը, ով կմասնակցի մրցույթի 2-րդ` հանրապետական փուլին:

«Մայր բուհի լավագույն ուսանողի կոչմանն արժանանալը ինձ համար մեծագույն պատիվ է, որին հասել եմ տնտեսագիտության ֆակուլտետի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համատեղ աշխատանքի շնորհիվ»,- նշել է Մարիամ Գևորգյանը:

Մրցութային հանձնաժողովը, հաշվի առնելով բարձր ցուցանիշներ արձանագրած թեկնածուների արդյունքները, հաղթող է ճանաչել Լիլիանա Նվերի Հայրիյանին` «Ուսման առաջադիմություն», Անի Նաիրիի Հակոբյանին` «Մասնագիտական ձեռքբերումներ»անվանակարգերում:

ԱրՊՀ ռեկտորը պատվոգրերով և արժեքավոր նվերներով խրախուսել է տարբեր անվանակարգերում հաղթած և լավագույն ճանաչված ԱրՊՀ ուսանողներին: