Արցախի պետական համալսարան

BorikԱրՊՀ «Քաղաքագիտություն» 4-րդ կուրսի ուսանող Բորիկ Բաղդասարյանը Ուսանողի միջազգային օրվա առթիվ հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Լավագույն բանաստեղծություն» անվանակարգում: Բորիկը 2016-ի ապրիլին ժամկետային զինծառայող էր և զենքը ձեռքին պատերազմում էր Մատաղիսի դիրքերում: Ծնունդով Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքից է: Ծնվել է 1997թվականի մարտի 3-ին, զինվորականի ընտանիքում: Բազմազավակ ընտանիքի (2 քույր և 4 եղբայր) 3-րդ զավակն է: Ավարտել է Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցը, ստացել է նաև երաժշտական կրթություն տեղի երաժշտական դպրոցում: Ստեղծագործում է նաև երաժշտության բնագավառում, ինչպես նաև սիրում է զբաղվել մուլտիպլիկացիոն նկարչությամբ: Ստեղծագործում է դեռևս դպրոցական նստարանից: Օրերս լույս է տեսել նրա «Զգացմունքների խաչուղիներում» բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Ստորև ներկայացնում ենք նրա ստեղծագործություններից:

Իմ հրաժեշտից Դու չսրտնեղե'ս, չտխրե'ս հանկարծ...

Իմ վերադարձից կրկին կժպտան, կշողան նորեն աչքերդ խամրած...

 

Իմ հրաժեշտն ու հեռացումը թող քո լույս աչքերի քունը չխլեն...

Իմ վերադարձն ու բարևն առաջին քեզ կնվիրեմ...

Իմ հրաժեշտով Դու չմռայլվե'ս, ուրախ օրերիդ թախիծ չշաղե'ս...

Իմ վերադարձի լուսե հեքիաթով օրդ կլցնես

Եվ ուրախության ջինջ արցունքներով մեր հանդիպումը կդիմավորես...

Իմ հրաժեշտում Դու ատելություն բնա՜վ չտեսնե'ս

Եվ բաժանումի ու հեռացումի պատճառ չփնտրե'ս.

Իմ վերադարձում վերադարձի իմ պատճառն անպատճառ ինքդ կգտնես...

Իմ հրաժեշտին Դու երբե՜ք-երբե՜ք հրաժեշտ չտա'ս...

Իմ վերադարձին հետդարձի նոր տոմս ու բաժանումի առիթ, խնդրում եմ, էլ երբե՜ք չտա'ս...

***

Մա՜յր...

Աշխարհի Լույսն ու

Աշխարհը լուսե...

Մա՜յր...

Միակ Ամբողջն ու

Միակը ամբողջ...

Մա՜յր...

Եզակի Հատուկն ու

Եզակին հատուկ...

Մա՜յր...

Միակ Աշխարհն ու

Միակն Աշխարհի...

***

Զգու՞մ ես Թախիծիս հոտը...

Նրանից Կարոտ է բուրում...

Լսու՞մ ես Թախիծիս երգը...

Նրանում Կարոտն է հնչում...

Տեսնու՞մ ես Թախիծիս գույնը.

Նրա մեջ Արևն է մեռնում...

Որտե՞ղ է Թախիծիս բույնը.

Այնտեղ, ուր Կարոտս է ծնվում...

Կարոտն է Թախիծիս հուրը.

Կրակը քեզնից է վառվում...

Կարոտն է Թախիծիս սյունը.

Հիմքերը քեզնով են կանգուն...

Կարոտն է Թախիծիս տունը.

Կարոտս քեզնում է ապրում...

***

Անգամ չգիտես` որքան անգամներ

Քեզ որոնեցի իմ երազներում...

Քեզ, որ Աշխարհից այս ապականված

Գողացել, թաքցրել էի սրտիս մեջ ծածուկ,

Որ մնաս այնտեղ ընդմիշտ ապահով, անվնաս, տաքուկ...

Քեզ, որ պահել եմ սրտիս մեջ զգայուն,

Ու հուշերիս մեջ` վառ ու մշտարթուն...

Քեզ, ում թաքցրել եմ ամեն մի բառում`

Դեռ չարտաբերված,

Բաբախյունի մեջ`դեռ չբաբախած,

Արյանս ամեն մի կաթիլի մեջ, իմ զարկերակում,

Ընդմիշտ կորցրի իմ կարոտներում...

Դու, որ ծնվել ես էությանս մեջ, իմ հոգու ներսում,

Կմնաս հավետ խաղա՜ղ, գունավո՜ր իմ հեքիաթներում...

***

Դու մտար իմ կյանք

Աշնան ոսկեփայլ շողերի ներքո...

Դու դարձար խավար իմ ճանապարհի

Կետը լուսավոր, ես` ստվերը քո...

Դու մտար իմ կյանք աշնան քամու հետ,

Իսկ ես` հանց աշնան մի դեղին տերև,

Պարում էի լուռ քամու շնչի հետ`

Կազմած խենթ դուետ...

Դու մտար իմ կյանք մի տարօրինակ յուրատիպությամբ...

Քո մի ժպիտով, աչքերիդ փայլի լուսավորությամբ...

Դու մտար իմ կյանք` անխոս ու անձայն,

Ու քեզնով լցրիր օրերս ունայն

Դու դարձար հավերժ տերը իմ սրտի

Իսկ ես՝ տերը համայն աշխարհի...

Քեզնով իմացա` ինչու, ինչպես,

Ինչից է ծնվում իրական սերը...

Քո սերը բացեց հոգուս թևերը...

Սիրուց փայլեցին սրտիս աչքերը...

Սիրուց միացան իրարու ձգտող

Մեր ջերմ սրտերը...

Ես ապրում եմ, արժևորում

Ամեն մի պահ...

Ապրում ամեն մի պահի մեջ...

Ապրում ամեն մի նոր պահով...

Բայց նույն պահին վախենում եմ կորցրած պահից,

Պահի ահից, խաբկանքից ու նենգությունից...

Վախենում եմ անցյալ դարձող ջերմ պահերից,

Պահերի մեջ իմ կորցրածից.

Հուշեր ծնող ակնթարթից...

Ակնթարթի արագ քայլից...

Ակնթարթի կորուստներից...

Իմ ներկային միշտ կուլ տվող,

Անվերջ նրան հետապնդող նոր անցյալից

Թե կրակ ես, այնպես վառիր,

Որ կարոտս այրվի մարմանդ ու մոխրանա...

Թե արև ես, այնպես փայլիր,

Որ իմ սերը լույս տա, շողա...

Թե անձրև ես, այնպես թափվիր ու վարարիր,

Որ հետքերդ իմ ճամփեքից անհետանան...էլ չերևան...

Թե քամի ես, այնպես փչիր,

Որ հուշերս քշես, տանես...

Որ ցավերս մեղմանան ու անէանան...

Թե գարուն ես, այնպես ծաղկիր,

Որ վարդերս բողբոջեն ու փարթամանան...

Թե գիշեր ես, այնպես մթնիր,

Որ հանգիստս ինձ չլքի,

Որ իմ քունը աչքերիցս չանհետանա...

Թե ցերեկ ես, այնպես բացվիր,

Որ իմ օրը լուսավորվի, պայծառանա...

Թե չես գալու...ետդարձ չկա,

Այնպես գնա ու հեռացիր,

Որ չգալուդ համակերպվեմ,

Չլինելդ որ էլ չզգամ,

Ու քո շնչով էլ չարբենամ...

Թե գալու ես, ապա այնպես,

Որ քո բույրից ես խենթանամ,

Որ իմ չապրած ամեն մի օր

Լցվի քեզնով ու ինձ ժպտա...

Այնպես սիրիր, որ քո սերը ապրի իմ մեջ,

                                                   հավերժանա...

***

Մենք խաղակատար, իսկ կյանքը խաղ է...

Խաղի մեջ դավեր, դավում `լի ցավեր, ցավի մեջ`ախեր.

Ախից գոյացած չար ու նենգ վախեր.

Վախը տարածող, ծնող «անվախներ»...

Կամ էլ` ի՞նչ «անվախ»...«դժբախտ-կախյալներ»...

Կյանքը շնորհեց նրանց մի կոչում... «Նենգ ապերախտներ»...

- Մարդի՛կ, դուք բնության մեջ վեհ արարածներ.

Մի՞թե ի վերուստ սա կյանքի մի խաղ կամ հորինվածք էր,

Որ պիտի ձեզնից դուք հրաժարվեք,

Ձեր հոգիները անարժեք ծախեք,

Ձեր ներսի Մարդուն խեղդամահ անեք,

Կամ լուռ սպանեք, կախաղան հանեք...

Մի՞թե չեք կարող դուք ձեր էությամբ,

Կամքի զորությամբ դուրս գալ այդ դերից...

Ձեր Մարդ տեսակի գոյությամբ հանդերձ`

Խուսափել թշվառ այդ խաղի ձևից ու կանոններից...

Մի՞թե չարությունն իր նենգ ճանկերով,

Ձեր հոգու խորքում բարին է խեղդել...

Հոգու պատերից նենգորեն կախվել`

Իր լայն երախով լավին կուլ տվել...

Մի՞թե պայքարի ջիղերը Ձեր մեջ

Անզգայացել են, սառել ու մեռել...

Մի՞թե մարդկային հույզերը այդքան

Դժվար է սանձել ու ղեկավարել...

Ձեր հոգին ասես մի ծով է դարձել.

Ծովի ալիքներ...դժվար է սանձել...

Ձեր խիղճը կարծես կայծակ է դարձել...

Ձեր մեջ ամեն բան վառել է, խանձել...

Քաոս է դարձրել...

Ձեր ներսի Մարդը ի չիք է դարձել...

Ամեն անգամ՝ քեզ հիշելիս,

Մի խենթ կարոտ իմ հուշերին

Հանկարծակի հյուր է գալիս...

Մտքերիս մեջ ծառս է լինում,

Պատեպատ է իրեն տալիս...

Մերթ խաղաղվու՜մ, մերթ փոթորկվու՜մ,

Մերթ լու՜ռ լալիս...

Մերթ ժպտու՜մ է, ինչպես սիրող սիրտն է ժպտում

Իր խենթ Սիրուն հանդիպելիս,

Մերթ ճչու՜մ է, ինչպես սիրտն է ուժգին ճչում

Սիրեցյալից բաժանվելիս...

Մե՛րթ ժպտալով, մե՛րթ ճչալով`

Իմ հոգուն նոր ցավ է տալիս...

Բայց և, գիտե՞ս, ամեն անգամ

Այդ կարոտն իմ` խենթ ու խելառ,

Թեկուզ հուզում, փոթորկում է հուշերս ու

                                                     այրող միտքս,

Թեկուզ դառնում մե՛րթ ընկերս, մե՛րթ թշնամիս ,

Բայց և նորեն ժպտում է ինձ

Արևի պես վառ ու պայծառ,

Ջերմացնում է սիրտս ու հոգիս...

Օրվա փոշին պատել էր օդն ու

Թախիծ նկարել արևի դեմքին...

Հեղձուցիչ օդից խեղդվում էր օրը`

Աչքերը հառած մեռնող արևին...

Արցունքոտվել էին աչքերն արևի,

Ծարավից ճաքել շրթունքներն օրվա...

Արտասուքները արևը մաքրում,

Մեղմի՜վ փարվում էր շուրթերին օրվա...

Կախվել էր օրը արևի փեշից,

Թախիծն էր կորզում նրա աչքերի.

Արտասուքները կում֊կում ըմպելով`

Մեղմում էր ծարավն իր պապակ շուրթերի...

Օդը կարկամել, խորհում էր լռին.

Արդյոք կփրկի՞ օրը արևին, արևը` օրվան...

Կշողա՞ն նորեն աչքերն արևի,

Կշնչի՞ կրկին նոր օրը վաղվա...

Բորիկ Բաղդասարյան, «Քաղաքագիտություն», 4-րդ կուրս