Արցախի պետական համալսարան

Avo1 Avo2

Avo4 Avo3

Նոյեմբերի 25-ը ՀՀ և ԱՀ ազգային հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 62 տարեկան։ Օրվա առթիվ Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում, որին ներկա էին ֆակուլտետի տարբեր մասնագիտության ուսանողներ:

AVOՄիջոցառման ընթացքում ուսանողները ելույթներ են ունեցել հերոսի կյանքի, գործունեության և մարտական ուղու մասին՝ արժևորելով արցախյան ազատամարտում նրա ունեցած դերը: 
Ուսանողուհի Տաթև Սարգսյանը իր ելույթում ընդգծել է, որ Մոնթեի՝ անձնազոհությամբ, մարդկային բոլոր առաքինի որակներով օժտված կերպարը այսօր օրինակ պետք է դառնա յուրաքանչյուր հայի համար: «Հայ մարդու կյանքը աներկբայորեն իմաստավորված է նաև մոնթեների գոյությամբ: Հայրենիքը փրկելու առաքելությամբ էր եկել Մոնթեն: Նա գալիս էր փրկելու հայի պատիվը, տուրքը տալու բոլոր ժամանակների՝ անցյալի, ներկայի և ապագայի հայությանը, սրբացնելու հայոց հողը»,- ասել է ուսանողուհին ՝ հավելելով, որ Մոնթեի կյանքը՝ վարք ու բարքով, կենցաղով, դեռ կենդանության օրոք դարձավ խրատ ու առասպել:
«Մոնթեն իր պահվածքով մեզ սովորեցնում է հասկանալու խաղաղության գինը, ամեն ծառի ու թփի համար պայքարով՝ հայրենիքի գինը, մարդկանց հետ հարաբերվելու կերպով՝ մարդու արժեքը»,- նշել է ուսանողուհի Տաթև Մարտիրոսյանը:
Ներկաները միջոցառման ավարտին դիտել են Մոնթեի մասին պատմող ֆիլմ: