Արցախի պետական համալսարան

IMG 9238 IMG 9250

Դեկտեմբերի 2-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է ուսանողական գիտական սեմինար՝ նվիրված հայ լեզվաբան, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արարատ Ղարիբյանի ծննդյան 120-ամյակին:

Միջոցառումը նախաձեռնել է բանասիրական ֆակուլտետի Ակ.Ս.Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., պրոֆեսորի պաշտոնակատար Օֆելյա Բաբայանը, որին ներկա էին դասախոսներ, ուսանողներ:

Ուսանողները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով լեզվաբանի կենսագրությունը, ծավալած գործունեությունը, ուսումնասիրությունները:

Խոսելով Ա.Ղարիբյանի՝ բարբառագիտության բնագավառում ունեցած դերից՝ ուսանողուհի Էդիտա Ալթունյանը նշել է, որ մեծ է նրա ներդրումը հայ բարբառագիտության ասպարեզում: Նա հայտնաբերել և գիտականորեն նկարագրել է 15 հայերեն բարբառներ, գիտահետազոտական աշխատանքներ է կատարել ու հրատարակել բազմաթիվ ուսումնասիրություններ:

«Լեզվաբանը իր գիտական գործունեության հենց սկզբից հանդես է եկել որպես Մառի «նոր ուսմունքի» ուղղափառ հետևորդներից մեկը: Թե՛ իր գիտական աշխատությունների մեջ և թե՛ իր գործունեությամբ նա ակտիվորեն պայքարել է հանուն «նոր ուսմունքի» հաղթանակի, նրա լիակատար տիրապետության՝ ոչ միայն խորհրդահայ, այլև ամբողջ խորհրդային լեզվաբանության մեջ»,- ասել է ուսանողուհի Տաթև Բարսեղյանը: