Արցախի պետական համալսարան

IMG 9438 IMG 9422

Այսօր Արցախի պետական համալսարանում հաշմանդամների միջազգային օրվա առթիվ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում: Միջոցառումը կազմակերպել են մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ Ռոզալյա Հարությունյանը և Իննա Մկրտչյանը, որին ներկա էին դասախոսներ, ուսանողներ:

Խոսելով օրվա խորհրդի մասին՝ Իննա Մկրտչյանը նշել է, որ հանրության ուշադրությունը պետք է կենտրոնացնել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը՝ համախմբելով սոցիալական տվյալ խմբի նկատմամբ ուշադիր մարդկանց:

Ուսանողները հանդես են եկել ելույթներով՝ խոսելով հաշմանդամների խնդիրներից, նրանց նկատմամբ դրսևորվող խտրականությունից, վարվելակերպի ընդհանուր կանոններից:

«Հասարակության մեջ տարիներ շարունակ հաշմանդամության երևույթի հետ կապված տիրել են մի շարք բացասական դիրքորոշումներ. նրանց հաճախ դիտարկում են որպես թույլ, անկարող, անգործունակ և խնամքի կարիք զգացող անձ»,- նշել է ուսանողուհի Մելինե Ղալայանը:

«Այսօր մեր պետությունն անում է հնարավորը՝ լուծելու հասարակության խոցելի խմբերի խնդիրները, որոնք բազմազան են՝ սկսած շրջակա միջավայրի մատչելիության և հավասար պայմանների ապահովումից մինչև բժշկասոցիոլոգիական, հոգեբանական վերականգնման միջոցառումների իրականացում»,- ասել է ուսանողուհի Ալիսա Խաչատրյանը՝ հավելելով, որ հիմնվելով ազգային արժեքների վրա և օգտագործելով զարգացած երկրների փորձը՝ պետք է ստեղծել այնպիսի հասարակություն, որտեղ հաշմանդամը կապրի լիարժեք կյանքով:

Միջոցառումը ուղեկցվել է հարցուպատասխանով, և ներկաները օրվան նվիրված սոցիալական հոլովակ են դիտել: