Արցախի պետական համալսարան

 Օգոստոսի 31-ին տեղի ունեցած  Հունգարիայի և Ադրբեջանի ամոթալի գործարքը`կապված Ռամիլ Սաֆարովի  էքստրադիցիայի  հետ, առաջացրել է հայ  ժողովրդի ցասումն ու վրդովմունքը:  Այդ   կապակցությամբ   ինչպես   Հայաստանում,  այնպես էլ     Արցախում     տեղի են    ունենում   տարաբնույթ    բողոքի      ակցիաներ: 

Արցախի  պետական համալսարանը առաջիններից մեկն արձագանքեց  մարդկության դեմ ուղղված այդ խայտառակությանը:Սեպտեմբերի 1-ին առաջին կուրսեցիների հետ կայացած հանդիպման ժամանակ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը իրազեկեց նրանց տեղի ունեցածի մասին,ինչն էլ համարժեք արձագանք ստացավ:

Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած ԱրՊՀ ռեկտորատի նիստի օրակարգում մեկ հարց էր` հակահայկական այդ նողկալի արարքի դատապարտումը: Բացելով նիստը, ԱրՊՀ-ի ռեկտոր Ստեփան Դադայանը նշեց,որ այնպիսի մի գիտակրթական օջախ, ինչպիսինը Արցախի մայր բուհն է,չի կարող անտարբեր գտնվել  Հունգարիայի նման  արարքի և Ադրբեջանի ղեկավարության  ցինիզմի հանդեպ:Սաֆարովի ազատ արձակումը  նսեմացնում է այդ երկրներում օրենքի գերակայությունը և վտանգում տարածաշրջանի խաղաղությունը,ասաց Ստեփան Դադայանը:

Նիստի մասնակիցներն իրենց մտահոգությունը հայտնեցին և բողոքի ձայնը բարձրացրին Հունգարիայի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման կապակցությամբ, ով հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Այդ դաժան սպանությունը տեղի է ունեցել 2004թ. Բուդապեշտում` ՆԱՏՕ-ի ծրագրի ընթացքում:

Դատապարտելով Հունգարիայի ու Ադրբեջանի հակամարդկային արարքը` ելույթ ունեցողները վերհիշեցին Ադրբեջանի կողմից հայ ազգի հանդեպ կատարված ոճրագործությունների աղաղակող փաստերը, այն համոզմամբ, որ բոլոր ժամանակներում էլ թուրքը չի փոխվել` մնացել է նույնը: ‹‹Մենք պետք է ուժեղացնենք մեր գաղափարական-քարոզչական աշխատանքը և միշտ պատրաստ լինենք պատերազմի. սա է հուշում նաև տեղի ունեցածը››,- ասաց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Կարեն Արամյանը: Պատմական գիտությունների թեկնածու Վալերի Ավանեսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց պատմական մի փաստի` 1526թ. օգոստոսի 29-ին Նոր խաչի մոտ տեղի ունեցած ճակատամարտի վրա:Մի կողմից թուրք-օսմաններն էին, մյուս կողմից` հունգարացիները` Լայոշ 2-րդ թագավորի գլխավորությամբ: Հունգարացիները պարտվել են այդ ճակատամարտում և 150 տարի ապրում էին օսմանյան տիրապետության տակ: Եվ ցավալի է, որ Հունգարիայի վարչապետը մոռացել է այդ աղաղակող փաստը, ասաց Վալերի Ավանեսյանը:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գագիկ Բաղունցի խոսքերով` ալիևյան վարչախումբն ավելի վտանգավոր է, ավելի լկտի ու անամոթ: Նրանք թքած ունեն հանրության, միջազգային նորմերի ու սկզբունքների վրա:
Ադրբեջանի այս ցինիզմը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք էլ չի կարող լինել Ադրբեջանի կազմում:Այն տհաճ ուղերձ է`ԵԱՀԿ համանախագահների և բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման օգտին. այսպիսին էր ռեկտորատի անդամների ընդհանուր կարծիքը:
Նիստի ավարտին ԱրՊՀ ռեկտորատը հանդես եկավ Հունգարիայի և Ադրբեջանի վարքագիծը դատապարտող հայտարարությամբ:

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ  ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՀԱՆՑԱԳՈՐԾ ՈՒ ՀԱՅԱՏՅԱՑ ԵՐԿԻՐ

<<ԱԱ>>-ի հետ իրենց մտորումները կիսեցին ԱրՊՀ դասախոսները

Ստեփան ԴԱԴԱՅԱՆ, ԱրՊՀ ռեկտոր.
- Որ Ադրբեջանը գնաց նման ստոր արարքի` մեզ համար պարզ է: Իսկ Հունգարիայի վարքագիծը մի կողմից մտահոգություն է առաջացնում, մյուս կողմից` զայրույթ ու վրդովմունք: Թուրքը մնաց թուրք` ինչպես միշտ: Իսկ քաղաքակիրթ  Եվրոպան: Ինչ է, պատմությունը դաս չդարձավ… Եթե ոչ` հիշեցնում ենք` հայ ժողովուրդը չի ների այդ վայրասուն գործարքը: Համոզված եմ` արժանի հակահարված են ստանալու և Ադրբեջանը`որպես հանցավոր երկիր, և Հունգարիան` որպես հանցանքը և ոճրագործությունը արդարացնող:

Վահրամ ԲԱԼԱՅԱՆ, ԱրՊՀ պրոռեկտոր.
- Քաղաքական վերջին զարգացումները նորից ապացուցեցին, որ Ադրբեջանը շարունակում է մնալ որպես հանցագործ և մարդատյաց երկիր և նրա հետ որևէ հարաբերություն ունենալը վտանգավոր ու անհեռանկար է: Աշխարհը ամենայն հավանականությամբ հասկացավ, որ արցախահայության ազգային-ազատագրական պայքարը սոսկ տարածաշրջանային նշանակություն չունի և այն միտված է նաև համամարդկային արժեքների պահպանմանն ու բազմապատկմանը: Ուրեմն` ժամանակն է ճիշտ հետևություններ անել:

Արզիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ԱրՊՀ պրոֆեսոր, հոգեբան.
- Հայ կինը նույնիսկ օրորոցայինով արթնության է կոչել մանկանը`‹‹ Զարթնիր, լաո, վտանգված է մեր էրգիր››,հավանաբար դարերի համոզմամբ, որ թուրք ենիչերին չի խնայի անգամ քնած մանկանը, որ մանուկն անգամ պետք է պահապանը դառնա իր երկրի ու հայրենիքի: Հեռավոր Հունգարիայում իր նախնիներից կես քայլ անգամ հեռու չկանգնած նորօրյա թուրք  ենիչերին ‹‹հերոսացավ››քնած հայորդուն կացնահարելով: Նողկալի ոչնչություն…
Իզուր չէ ասված, որ ձիթենու ճյուղը բորենու բերանը դնելով` նրան աղավնի չես դարձնի:Սակայն բորենի է ոչ միայն քնած մարդու վրա ձեռք բարձրացնող տականքը, այլև բորենի են բոլոր այն մարդիկ, ովքեր ոչ միայն չդատապարտեցին, այլ, ընդհակառակը, փառաբանեցին ոճիրը:
Ժամանակին Անգլիայի իշխանավորներից մեկը` Ուինսթոն Չերչիլը, նշել է,‹‹Հայ  ժողովրդի ողբերգությունն այն է, որ նրա արյունը շատ ավելի թեթև է, քան նավթի կշիռը››:Մարդը լավ էր սերտել ոսկու ու նավթի լեզուն և գիտեր, որ աշխարհում համամարդկային հումանիզմի շղարշի տակ դեռևս շարունակվում են շահամոլությունն ու հուդայականությունը: Եվ այսօր չերչիլյան տրամաբանությամբ եղավ օրինաչափ երևույթ` Հունգարիայի իշխանավորների սրտի միջով արյան փոխարեն հոսեց 30 արծաթանոց (թող որ լինի 3 միլիարդանոց) կեղտոտ նավթը:
Ժամանակին էլ Թուրքիան էր հովանավորում Գերմանիային, և ֆաշիզմի նախահայր Վիլհելմ 2-րդը ցեղասպանության գլխավոր դահիճ Թալեաթ փաշային պարգևատրեց ‹‹Սև  արծիվ›› շքանշանով:
Այսօր չենք զարմանում, որ Հունգարիայի իշխանավորները վիլհելմական կեցվածքով ոչ են ասում միջազգային իրավունքի նորմերին ու համամարդկային բարոյականությանը:
Համախմբվեք, հայեր, դուք, որ մագաղաթյա մատյանից պոկված թերթերի պես ցրված եք աշխարհով մեկ և հայոց ազգային ցավն եք պատմում երկրագնդի տարբեր ծագերում, ամեն մեկդ իբրև մի Թեհլերյան` հոգում դեռևս մխեցնելով 15-ի վրեժխնդրության Նեմեսիսը, կանգնեք  ու պահապանը դարձե ք  Հայոց Մեծ Տան, բոլոր հայերիս Հայրենիքը դարձած Արցախ-Հայաստանի ու Հայի Պատվի: