Արցախի պետական համալսարան

IMG 0081 IMG 0127

Դեկտեմբերի 6-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ «Կրթությունը՝ տնտեսության զարգացման բաղադրիչ» թեմայով: Հանդիպումը նախաձեռնել էր տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը, որին ներկա էին դպրոցների տնօրեններ, կրթության ոլորտի պատասխանատուներ, համալսարանականներ:

Ողջույնի խոսք է ասել դեկանը՝ նշելով, որ գիտակրթական համակարգը յուրաքանչյուր երկրի հենասյուններից մեկն է, և այսօր փոքր պետությունները հիմնական շեշտը դնում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա, որից կարևորվում է ինտելեկտը և որի զարգացման աղբյուրը կրթությունն է:

«Ներկայումս ԱՀ կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ. կրում ենք ինչպես խորհրդային ժամանակահատվածի կրթական համակարգից եկած ավանդույթները, այնպես էլ արևմուտքից ներթափանցած ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը»,- ասել է Ռուզաննա Մանգասարյանը՝ հավելելով, որ ժամանակակից աշխարհը գնում է դեպի ինովացիոն տնտեսություն, որի հիմքը մարդն է և նրա միտքը:

ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը կարևորել է թեմայի քննարկման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ լուրջ քայլեր են նախատեսում կրթության որակը բարձրացնելու համար: «Բավականին բարդ գործընթաց է, որը պահանջում է փոփոխություններ կատարել ինչպես տարբեր օղակների գործունեության մեջ, այլև մտածելակերպը փոխելու առումով»:

Քննարկման նպատակն էր վեր հանել կրթության ոլորտի խնդիրները՝ փորձելով գտնել լուծման ուղիները:

Քննարկման մասնակիցները մատնանշել են ոլորտի խնդիրները՝ աշխատաշուկայի և կրթական համակարգի ինտեգրում, ուղեղների արտահոսք, կոռուպցիոն ռիսկեր, բնագիտական ուղղվածության մասնագիտությունների հանդեպ հետաքրքրության նվազում և կարևորել բարեփոխումների ճիշտ ռազմավարության իրականացումը:

Ուսանողները ևս հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով կրթական համակարգի վերաբերյալ դպրոցների աշակերտների, շրջանավարտների, ուսուցիչների, ծնողների և ԱրՊՀ շրջանավարտների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարցման արդյունքները, համեմատություն կատարելու համար դիտարկել տնտեսապես զարգացած և զարգացող երկրների կրթական համակարգերի բնորոշ առանձնահատկությունները: