Արցախի պետական համալսարան

Նոր ուսումնական տարվա նախաշեմին` օգոստոսի 30-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստը, որը վարում էր ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը: Օրակարգում ընդգրկված ավելի քան 8 հարցերը բավականին հագեցած էին ու նաև` օրվա հրամայական:

Առաջին հարցը  գիտխորհրդի կազմում փոփոխություն կատարելու մասին էր. նիստը հաստատեց մանկավարժության ամբիոնի վարիչ Արկադի Թովմասյանի թեկնածությունը` որպես  գիտխորհրդի անդամ:
Նիստում 2011-2012 ուսումնական տարվա արդյունքների և 2012-2013 ուսումնական տարվա  խնդիրների մասին զեկուցմամբ  հանդես եկավ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը:
Նշելով, որ ԱրՊՀ-ն մեկնարկում է իր 44-րդ ուսումնական տարին, Ս. Դադայանն անդրադարձավ նախորդ ուսումնականի արդյունքներին: Մայր բուհի շրջանավարտների թիվը կազմել է 941 հոգի` 28 մասնագիտությամբ: Պետական քննություններում անբավարար գնահատական է ստացել 59 հոգի: Ռեկտորի հավաստմամբ` շրջանավարտների որակական ցուցանիշները  գրեթե  հավասար են և համապատասխանում են ՀՀ բուհերի շրջանավարտների  տվյալներին: Հետբուհական կրթության բնագավառում 200 շրջանավարտ ավարտել է մագիստրատուրան` ստանալով մագիստրոսի աստիճան: Նրանցից 32-ը ստացել է գերազանցության դիպլոմ: Անցած ուսումնական տարում համալսարանից հեռացվել են 133 ուսանող և 58 մագիստրանտ: Հաշվի առնելով, որ անցած ուսումնական տարում առկա բաժնում ընդունելություն չի եղել, կարելի է ասել, որ դա բավական մեծ թիվ է, ասաց Ս. Դադայանը: Նրա խոսքերով` նման թվով ուսանողների համալսարանից հեռացնելը ինքնանպատակ չէ և ոչ էլ պարծանք. մինչ հեռացման որոշումն ընդունելը ռեկտորատը մի քանի անգամ քննարկում է հարցը ու թե փոքր-ինչ շանս է լինում` պահում է: Մյուս կողմից` վատ սովորող ուսանողը պետք է հեռացվի, համոզված է բուհի ղեկավարը:
Ինչ վերաբերում էգերազանց  գնահատականներով սովորող ուսանողներին, ըստ ռեկտորի, պետք է միայն հպարտանալ, քանզի դա ոչ միայն նրանց ունակությունների, այլև դասախոսների կողմից կատարված աշխատանքի արդյունք է:
Հաջողություններն ակնառու են համալսարանի գործունեության մյուս օղակներում`գիտամեթոդական, սոցիալական, մարզամշակութային և այլ ուղղություններում, ինչպես նաև` հարստացվել է նյութատեխնիկական բազան:
Նոր ուսումնական տարվա մասին խոսելիս, անշուշտ, առաջին հերթին պետք է նշել ընդունելության քննությունների մասին: Առկա ուսուցման բաժնում այս տարի համալսարան է ընդունվել 557 հոգի` 25 մասնագիտություններիգծով, որից 191-ը պետպատվերի, իսկ 366-ը` վճարովի համակարգում: Հեռակա ուսուցման բաժնում ընդունվել է 306 հոգի` 14 մասնագիտությամբ: Ս. Դադայանի կարծիքով` առկա բաժնում ընդունված ուսանողների նիշը բավականին բարձր է: 
ԱրՊՀ ռեկտորը իրազեկեց, որ նոր ուսումնական տարում Արցախի պետական համալսարանում  գործող ֆակուլտետներին կավելանա ևս մեկը. մանկավարժության ֆակուլտետից առանձնացնելով նախազորակոչային և ֆիզիկական պատրաստության մասնագիտությունը` կստեղծվի <<Նախնական զորակոչային պատրաստություն և ֆիզդաստիարակության>> ֆակուլտետը: Նոր ֆակուլտետը կունենա 391 ուսանող:
Ուսումնական  գործընթացը հաջող սկսելու նախապայմաններից մեկը դասախոսների հստակ ծանրաբեռնվածություն  ունենալն է: Ըստ Ս. Դադայանի` ոչ բոլոր ամբիոններն են ավարտել ուսումնական ծանրաբեռնվածության բաշխումը: Ռեկտորը պահանջեց կարճ ժամկետում ավարտել նման աշխատանքները` ավելորդ խնդիրներ չառաջացնելու համար:
Համալսարանի համար մյուս նորույթը  գիտելիքների ստուգման կենտրոնն է. այդ նպատակի համար թիվ 46 լսարանում տեղադրված է 37 համակարգիչ, պրոյեկտոր: Ս.Դադայանը տեղեկացրեց, որ ամբիոնները պետք է ժամանակին ապահովեն համապատասխան թեստերով: Առաջին կուրսեցիների քննություններն ու ստուգարքները` բոլոր առարկաներից, կկազմակերպվեն այս կենտրոնում: Իսկ բարձր կուրսերի համար դրանց կազմակերպումը կախված է ամբիոնների պատրաստվածությունից:
Վերանորոգված 2-րդ մասնաշենքի 18-րդ լսարանը լիովին նոր տեսք է ստացել:Այստեղ տեղավորված է ուսումնական դատական նիստերի դահլիճը: Իսկ բանասիրական ֆակուլտետում կգործի ուսումնական հեռուստաստուդիա, որը կահավորված է անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցներով: Աշխատանքներ են ընթանում ՆԶ պատրաստության ամբիոնի համար քաղաքացիական պաշտպանության կաբինետ ստեղծելու ուղղությամբ. սրանք նույնպես հաճելի նորություններ են մայր բուհի համար, ասաց Ս.Դադայանը:
Արցախի պետական համալսարանը պետք է դառնա ոչ միայն հանրապետության, այլ նաև Հայաստանի արևելյան կողմի կրթության,գիտության և մշակույթի միասնական տարածքի կենտրոնը: Դրա համար կան բավականին հիմքեր: Եթե ԱրՊՀ-ում անց են կացվում միջազգային  գիտաժողովներ, ապա դա ոչ միայն նրա համար, որ կա ԼՂՀ, կա համալսարան, այլ նաև, որ մենք բան ունենք ասելու: <<Մենք իրավունք չունենք կոչվել պրովինցիալ համալսարան>>,- համոզված ասաց Ս. Դադայանը:
Նոր ուսումնական տարում համալսարանն իր աշխատանքները կազմակերպելու է համաձայն ԱրՊՀ 2009-2013թթ. զարգացման ծրագրի:  Զգալի աշխատանք կտարվի ինչպես ուսումնական, այնպես էլգիտական ասպարեզներում, նաև` նյութատեխնիկական բազայի ամրապնդման ուղղությամբ:
Մայր բուհի ղեկավարը ցավով անդրադարձավ չկատարված որոշգործերի. համալսարանի 1-ին մասնաշենքի վերանորոգման աշխատանքները հետաձգվում են, նույնը վերաբերում է նաև 3-րդ մասնաշենքի լսարաններին: Փոխարենը նորություն է սպասվում դասախոսների և ուսանողների սոցիալական խնդիրների բարելավման առումով: Ուսանողները կունենան վերանորոգված սենյակներ հանրակացարանում (ընդհանուր առմամբ` 104 տեղ): Աշխատանքներ են տարվում պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ:
Նոր ուսումնական տարում մեկ այլ նորություն էլ կա. ուսանողների հետ տարվող աշխատանքների, գծով պրոռեկտորի հաստիք է ստեղծվել: Ռեկտորի հավաստմամբ` ուսումնական  գործընթացը պատշաճ  մակարդակով կազմակերպելուգործում կարևոր նշանակություն ունի համալսարանում բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտի ապահովումը: Որպես խնդրի լուծման կարևոր պահանջ` Ս. Դադայանը հորդորեց, որպեսզի համալսարանի ամեն մի ստորաբաժանման աշխատող հստակ զբաղվի իր  գործով:
Ելույթի ավարտին ռեկտորը հավաստիացրեց, որ ԱրՊՀ կոլեկտիվը, ուսանողների և դասախոսների բացարձակ մեծմասնությունը վճռականորեն է տրամադրված` նոր ուսումնական տարին կազմակերպված սկսելու համար:      
Բակալավրի կրթական ծրագրի ուսումնական գործընթացում կրեդիտային համակարգով կազմակերպման կարգում փոփոխություններ կատարելու մասին հարցի առնչությամբ հանդես եկավ ԱրՊՀ պրոռեկտոր Արտեմ Աբրահամյանը: Նրա հավաստմամբ` նախատեսված փոփոխությունների նպատակը դասախոսների կողմից կատարվող աշխատանքը փոքր-ինչ թեթևացնելն է: Փոփոխություններից մեկն, օրինակ, վերաբերում է միջանկյալ քննություններին. նախկինում 4-ի փոխարեն` դրանք կկազմակերպվեն  2 անգամ: 
Նիստը հաստատեց բակալավրի կրթական ծրագրի ուսումնական գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման կարգում ներկայացված փոփոխությունները:
Հաջորդ հարցը, որը ներկայացրեց Ա.Աբրահամյանը, առկա ուսուցման 2-րդ կուրսերի վերաբացման մասին էր: Հաշվի առնելով տարկետումից վերադարձող ուսանողների քանակը և առկա ուսուցման 2-րդ կուրսերի բացակայությունը`գիտխորհրդի նիստը որոշեց վերաբացել 2-րդ կուրսի խմբեր` հետևյալ մասնագիտություններով. նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն, պատմություն, քաղաքագիտություն, շինարարություն, էլեկտրաէներգետիկա, տնտեսագիտության տեսություն, իրավագիտություն, կենսաբանություն:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը խոսեց նաև պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման գործընթացը սկսելու մասին: Հարցի կապակցությամբ համալսարանի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ:
Օրակարգի հաջորդ` նոր մասնագիտությունների ուսումնական պլանների հաստատման և գործող ուսումնական պլաններում փոփոխություններ կատարելու հարցի կապակցությամբ հանդես եկան ֆակուլտետների դեկանները: Նիստը հաստատեց նոր մասնագիտությունների ուսումնական պլանները և  գործող  ուսումնական պլաններում նախատեսված փոփոխությունները:
Գիտխորհրդի նիստը քննարկեց ու նաև հաստատեց ասպիրանտուրայի կրեդիտային համակարգի անցման կարգերը, որոնք ներկայացրեց  գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վահրամ Բալայանը:
Օրակարգի մեկ այլ հարց վերաբերում էր ԱրՊՀ կառուցվածքային փոփոխություններին: Այն ներկայացրեց ռեկտոր Ստեփան Դադայանը: Նիստը որոշեց. մանկավարժության ֆակուլտետից առանձնացնել նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն մասնագիտությունը` բացելով <<Նախնական  զորակոչային պատրաստության և ֆիզդաստիարակության>> ֆակուլտետ, մաթեմատիկայի և բնագիտական առարկաների դասավանդման ամբիոնը վերակոչել <<Մաթեմատիկայի և ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոն>>, ԱրՊՀ-ում բացել ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտորի հաստիք, ինչպես նաև` փակել ԱրՊՀ ուսումնական վարչության պետի հաստիքը:
Գիտխորհրդի նիստում քննարկվեցին նաև այլ հարցեր: