Արցախի պետական համալսարան

CR01-A1

31 տարի առաջ Սպիտակի ահեղ երկրաշարժը խախտեց Հայաստանի անդորրը: 1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպեին, Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետեւանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։

Ցավը մեծ է, կորուստը անդառնալի։ Բայց մենք հիմա կանք, որ խոնարհվենք մեր անմեղ զոհերի հիշատակի առջև։

Ամեն տարվա այս օրը սգում է ողջ հայ ազգը, այցելում գերեզմանոցներ` փորձելով հանգստություն գտնել իրենց սրտերում։

Անգելինա Աբրահամյան, լրագրություն 1-ին կուրս