Արցախի պետական համալսարան

12.12.2019

Մոտենում է 2019-ին հրաժեշտ տալու պահը, և մարդիկ ակամայից սկսում են հետ տալ իրենց մտքի ժապավենը, մտովի աչքի անցկացնել անցած տարին` կատարածն ու չկատարածը, հասցրածն ու չհասցրածը, լրացրածն ու բաց թողածը: Նոր տարին պատրվակ է` ինքներս մեզ գոնե տարին մեկ անգամ հաշվետու լինելու, մեր սխալներից դասեր քաղելու, ապագայի լուսավոր ծրագրեր կազմելու համար:

Կուզենայի մի քանի ամանորյա խորհուրդներ հղել ինձ և բոլորին: Եկեք զգանք տոնի մեծ խորհուրդը, այն չլցնենք արհեստական ցուցադրություններով, սեղանների մրցավազքով և ձևական բարեմաղթանքներով: «Շնորհավոր Ամանոր» բարեմաղթանքը կարծես ընդամենը քաղաքավարության մի դրսևորում է, այն արտասանվում է առանց նրա մեջ ոգի և սեր դնելու, այն չի բխում սրտի խորքից, այլ ընդամենը լեզվի ծայրին է:

Եկեք այս Ամանորին ինքներս մեզ համոզենք, պարտադրենք ուղղվել, լինել իսկական, փոխենք մեզ ու մեր աշխարհը: Ամանորյա բազմապիսի զարդարանքներ գնելիս եկեք չմոռանանք մեր հոգու համար ևս գնել դրանք (չնայած դրանք գնելի չեն), զարդարենք մեր հոգիները բարությամբ: Չմոռանանք տոնածառ զարդարելուց առաջ նախ զարդարել մեր հոգիները: Սեղանին պես-պես ուտելիքների հետ չմոռանանք դնել մեր հոգին ու սերը: Հին առարկանների հետ եկեք տնից դուրս նետենք մեր վատ մտքերն ու չար նախանձը: Տաք-տաք վառարանների ջերմությունը չի տաքացնի մեր տունը, եթե ինքներս մեր մեջ չունենք մի փոքրիկ «վառարան», որը ջերմություն, սեր ու հոգատարություն է ճառագում մեր մտերիմներին:

Նոր տարին մեծ հույս է, հույս, որ առավոտյան կարթնանանք, և ամեն ինչ կսկսվի նորից: Այն մեր 365 էջից բաղկացած գրքի առաջին էջն է, եկեք այն գրենք գեղեցիկ, միայն գունավոր գրիչներով, գրենք մեր դժվարին, բայց և սպասված հաղթանակների մասին, մեր հաջողությունների, բերկրալի պահերի, ձեռքբերումների, մեր մեծ սիրո, հավատարիմ ընկերության, խաղաղ ու լուսավոր երկրի մասին:

Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ ծնունդ:

Լուսինե Օհանջանյան, հայոց լեզու և գրականություն, 2-րդ կուրս