Արցախի պետական համալսարան

IMG-851bfdf4db0b84218356e3dd17c690a0-V IMG-c8af422d6a2aa47e602794c1bf3c8871-V

Բնագիտական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները «Օտար լեզու» դասընթացի շրջանակում ներկայացրել են ինքնուրույն աշխատանքները: Միջոցառումը նախաձեռնել էր բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական ամբիոնի դասախոս, մ.գ.թ., դոցենտ Նարինե Դուրասանյանը:

Ուսանողները անգլերեն լեզվով հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով մասնագիտական թեմաներ, որոնք վերաբերում էին ՏՏ ոլորտի հայտնի գործիչներին, սոցիալական ցանցերին, նորարարական տեխնոլոգիաներին և այլն:

«Նպատակն էր ուսանողների շրջանում զարգացնել լեզվի իմացությունը, կրեատիվ մտածողությունը, սեր առաջացնել օտար լեզուների հանդեպ: Նման միջոցառումները հնարավորություն են տալիս ուսանողներին օտար լեզվով խոսել, քննարկումներ կատարել, որոնք նպաստում են ուսանողների բազմակողմանի զարգացմանը, հաղորդակցական, լեզվամտածողական կարողությունների զարգացմանը»,- ասել է Նարինե Դուրասանյանը՝ հավելելով, որ 2019-2020 ուսումնական տարվա առաջին կուրսեցիները լավ են տիրապետում օտար լեզվին և ցույց են տվել գոհացուցիչ արդյունքներ:

Խոսելով օտար լեզուներին տիրապետելու անհրաժեշտության մասին՝ դասախոսը նշել է, որ այն կարևոր է տարբեր մասնագիտությամբ սովորող ուսանողների համար՝ իրենց մասնագիտության մեջ միջազգային զարգացումներին հետևելու, այլալեզու գործընկերների հետ շփումների, միջազգային հարթակներում ներկայանալու, այլոց փորձին ծանոթանալու համար: