Արցախի պետական համալսարան

IMG 0759 IMG 0765

Դեկտեմբերի 16-ին Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում կազմակերպվել է միջոցառում ՝ նվիրված հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ Կոստան Զարյանի ծննդյան 135-ամյակին: Միջոցառումը նախաձեռնել է գրականության և լրագրության ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ Նոննա Դավթյանը:

«Լրագրություն» 4-րդ կուրսի ուսանողները ներկայացրել են գրողի կյանքը, գրական գործունեությունը, ստեղծագործությունները:

«Սփյուռքահայ գրականությունը անջրպետված էր նորագույն շրջանի հայ գրականությունից: Այսօր մենք սփյուռքահայ ծովածավալ գրականությունը ներկա սերնդին ներկայացնելու կարիք ունենք և գիտակցելով դրա արժեքը՝ փորձում ենք հարություն տալ սփյուռքում ստեղծագործող գրողների և՛ գաղափարները և՛ գործերը»,- ասել է Նոննա Դավթյանը՝ հավելելով, որ միջոցառման ընթացքում հնչած զարյանական մտքերը լուրջ մտածելու և նրա գաղափարները կյանքի կոչելու միտումներ ունեն:

Արաքս Միրզոյանի խոսքով՝ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի արևմտահայ գյուղաշխարհը՝ իր նիստ ու կացով, սովորություններով Զարյանը նկարագրել է շատ վարպետորեն, իրեն հատուկ գունային պատկերազարդումներով՝ ընդգծելով, որ նրա ստեղծագործությունները իրապես հայ մշակույթն ու ազգագրությունը ներկայացնող գեղեցիկ նմուշներ են:

Ներկաները միջոցառման ընթացքում դիտել են ուսանողների՝ նախօրոք նկարահանած հոլովակները, որտեղ նրանք ասմունքում են գրողի նշանավոր բանաստեղծություններից: