Արցախի պետական համալսարան

IMG 1171 IMG 1164

Դեկտեմբերի 20-ին Արցախի պետական համալսարանում կայացել է «Ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաների դերը ուսուցման գործընթացում» թեմայով գիտամանկավարժական սեմինար:

Միջոցառումը նախաձեռնել է մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Ռոզա Աղաջանյանը:

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները ներկայացրել են մանկավարժական տեխնոլոգիաների տարբեր տեսակները, ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաների թերությունները և առավելությունները:

Ուսուցման գործընթացում կարևորելով ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաների դերը՝ ուսանողուհի Մելինե Ղալայանը նշել է, որ դրանք ուսուցման և դաստիարակության գործընթացը կարողանում են վերարտադրել, խաղարկել և երաշխավորել մանկավարժական խնդիրների լուծման բարձր որակ:

Ուսանողուհի Անգելինա Բաղրյանը ներկայացրել է խաղային ինտերակտիվ տեխնոլոգիան՝ ընդգծելով, որ այն նպաստում է ուսումնական գործընթացի մասնակիցների՝ առավել մեծ թվով ընդգրկմանը, կարծրատիպերի հեշտությամբ հաղթահարմանը, վերլուծություններ և մեկնաբանություններ կատարելուն:

Սեմինարին ներկա էր նաև ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը, որը շնորհակալություն է հայտնել միջոցառումը կազմակերպելու համար:

Գիտական սեմինարը ուղեկցվել է հարցուպատասխանով: