Փետրվարի 3-ից Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Լրագրություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները արտադրական փորձուսուցում են անցնում: Առաջին շաբաթը փորձուսուցում են անցել Արցախի հանրային հեռուստատեսությունում, այնուհետև նախատեսվում է այցելել նաև հանրային ռադիոընկերություն, «Ազատ Արցախ» թերթի խմբագրություն, «Արցախպրես» լրատվական գործակալություն:
Փորձուսուցման ընթացքում ուսանողներն անդրադառնում են լրագրողի հիմնական գործառույթներին, ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու, ցանկացած իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու նրբություններին և ոլորտի առանձնահատկություններին, մասնագետների կողմից ներկայացվում մրցունակ լրագրող դառնալու արդի պահանջները:
Ուսանողուհի Մերի Հարությունյանը կարևորել է նման ձևաչափով փորձուսուցման անցկացումը՝ ընդգծելով, որ այսօր տեղեկատվական տիրույթում կարևոր է որակյալ մասնագետներ ունենալը:
«Ուսանողական կյանքի անբաժանելի մասն են կազմում մասնագիտական փորձուսուցումները, որոնց ընթացքում ուսանողները տեսական գիտելիքները կիրառելու և գործնականում ամրապնդելու հնարավորություն են ունենում՝ նպաստելով փորձի փոխանակմանը»:
Փորձուսուցումը կտևի մինչև փետրվարի 10-ը: