Արցախի պետական համալսարան

mhm59512.thumb58 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը։ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը իրենց զորակցությունն են հայտնում Սամվել Կարապետյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին։

Սամվել Կարապետյանն իր գործունեության ընթացքում ԱրՊՀ-ում բազմիցս հանդես է եկել դասախոսություններով և իր մասնագիտական կարողություններն ի սպաս դրել բուհի ուսումնագիտական արդյունավետության բարձրացմանը:

Ծնվել է 1961թ․ հուլիսի 30-ին։ 1978-ին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։

1975թ․ թվականից ի վեր ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում էր հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել և ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։ Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ:

Հայտնի հուշարձանագետն իր աշխատություններում առանձնակի տեղ է հատկացրել Արցախին վերաբերող ուսումնասիրություններին՝ «Հյուսիսային Արցախ», «Արցախի կամուրջները» «Դադի վանքի վերանորոգումը, 1997-2011 թվականներ», «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», «Մռավականք» գրքերը և այլ աշխատություններ։

Ս. Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա պնդում էր, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։ Իր փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսին և 2008 թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։