Արցախի պետական համալսարան

IMG 3477 IMG 3474

Փետրվարի 28-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված սումգայիթյան ջարդերի 32-րդ տարելիցին: Մինչ միջոցառման մեկնարկը` ուսանողները հարգանքի տուրք են մատուցել սումգայիթյան եղեռնագործության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Միջոցառումը կազմակերպվել է պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանի, պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: Ներկա էին ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ:

Նունե Սարումյանն իր ելույթում անդրադարձավ սումգայիթյան ջարդերի հրեշավոր ծրագրի ծագման և զարգացման փուլերին` մինչև իրագործում: «Ի պատասխան ԼՂԻՄ ազգաբնակչության ինքնորոշման օրինական պահանջի` Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները 1988թ. փետրվարին կազմակերպեցին և իրագործեցին Սումգայիթի հայերի ջարդերը: Սումգայիթը հայերի էթնիկական զտման ծրագրի միայն սկիզբն էր»:

«Հայերի սումգայիթյան ջարդերը կանխորոշեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետագա ամբողջ ընթացքը: Դրանք ակնառու կերպով ցուցադրեցին, որ ադրբեջանական իշխանությունները մտադրվել էին բռնությունը, սպանությունները և էթնիկ զտումներն օգտագործել որպես հակամարտության լուծման միջոց»,- նշել է ուսանողուհի Լենա Մուսայելյանը:

Միջոցառման ավարտին ներկաները ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ֆիլմ են դիտել: