Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 12-ին Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Հայ բանասիրության և լրագրության, Տնտեսաիրավաբանական, սեպտեմբերի 18-ին` Մանկավարժության, Նախնական զորակոչային պատրաստության և ֆիզդաստիարակության, Պատմության և քաղաքագիտության, Օտար լեզուների, սեպտեմբերի 20-ին` Քիմիայի և կենսաբանության, Ֆիզիկա-մաթեմատիկական, Ճարտարագիտական ֆակուլտետների  առաջին կուրսեցիների և նրանց ծնողների հետ:

Ներկա էին նաև պետհամալսարանի պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, պրոֆեսորադասախոսական կազմը: Հանդիպումը վարում էր ԱրՊՀ-ի ռեկտոր Ս.Դադայանը: Հանդիպման նպատակն էր ծանոթացնել պետական համալսարանի կառավարման հիմնական սկզբունքներին, ուսանողների իրավունքներին ու պարտականություններին, գիտամանկավարժական գործընթացի կազմակերպմանը, ներհամալսարանական կառույցներին ու դրանց գործունեությանը:
Հանդիպումը սկսվեց ԱրՊՀ-ի ռեկտոր Ս.Դադայանի ողջույնի խոսքով.
-Սիրելի առաջին կուրսեցիներ
Ջերմորեն ողջունում և շնորհավորում եմ ձեզ Արցախի պետական համալսարան ընդունվելու կապակցությամբ:
Դուք ուսանելու եք գիտակրթական 44-ամյա փորձ կուտակած և բարի ավանդույթներին հավատարիմ բարձրագույն ուսումնական մի հաստատությունում, որն այսօր որդեգրել է կրթության միջազգայնացման, եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու ռազմավարություն: Այդ կապակցությամբ համալսարանի ղեկավարությունը, ֆակուլտետների դեկանատները և ամբիոնները մեծ պատասխանատվությամբ վերանայում և արդիականացնում են ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, ձգտում առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնել ուսումնական գործընթացը:
Կարևոր շեշտ դրվեց ուսանողների աշխատասիրությանն ու կարգապահությանը, որը նախապայման է գիտակրթական առաջընթացի իրականացման և ուսումնառության արդյունքում ձեռք բերած գիտելիքների օգտագործման համար` ի շահ մեր երկրի զարգացման ու բարգավաճման: