Արցախի պետական համալսարան

92871938 1113683538968124 6340235554193408000 n

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Արցախի պետական համալսարանն ամբողջ ծավալով անցել է հեռավար ուսուցման` ըստ գործող դասացուցակի: Յուրաքանչյուր օր, դասացուցակին համապատասխան, դասախոսները կազմակերպում են առցանց դասախոսություններ: Նախապես բոլոր ուսանողներին տրամադրվել են դասընթացների առարկայական նկարագրերը, հարցաշարերի, դասախոսությունների, գործնական և ինքնուրույն աշխատանքների թեմաների, գրականության ցանկի էլեկտրոնային տարբերակները:

ԱրՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Լիլիթ Մարգարյանի հավաստմամբ` ուսանողությունը մեծ սիրով և պատասխանատվությամբ է մասնակցում պարապմունքներին։ «Առցացն ուսուցումը, իհարկե, կարող ենք համարել ձեռքբերում, որն ունի իր դրական և բացասական կողմերը։ Ստեղծված իրավիճակում այն ուսումնական ծրագրից հետ չմնալու լավագույն միջոցն է»,-ասել է նա` ընդգծելով, որ հարցման արդյունքում առանձնացրել են ուսանողների ներկայացրած խնդիրները, որոնք, հիմնականում, համացանցի թույլ կապի հետ են կապված։

Բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Ինեսսա Առուստամյանը ողջունում է առցանց ուսուցման համակարգով դասաժամերի անցկացումը` համարելով կարևոր քայլ դեպի զարգացում. 21֊րդ դարում նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաներից արդյունավետ օգտվել կարողանալը կարևոր է ոչ միայն երիտասարդության, այլև ավավ սերունդների համար։

«Հեռավար ուսուցման ժամանակ պահպանվում է ուսանող֊դասախոս կապը, որն ավելի արդյունավետ է դարձնում պարապմունքները»։ Ի. Առուստամյանը հեռավար ուսուցման բացասական կողմերից է համարում ինֆորմացիոն տեխնոլոգիաներից մեծ կախվածություն առաջացնելու խնդիրը։

«Պատմության և իրավագիտության ֆակուլտետում առցանց դասընթացներ սկսել ենք դեռևս մինչև համալսարանում այդ մասին որոշումն ընդունելը։ Ընդհանուր առմամբ, դասերն անցնում են լավ, հետաքրքիր, ուսանողների բացակայությունը դասերից շատ քիչ է, որոշ կուրսերում ընդհանրապես բացականեր չեն լինում»,- ասել է պատմություն և իրավագիտության ֆակուլտետի ՈւԽ նախագահ Աշխեն Ասրյանը և ընդգծել, որ չնայած ինտերնետ կապի ոչ այդքան լավ հասանելիությանը՝ դասերը կազմակերպվում են դասացուցակներին համապատասխան` համագործակցելով դեկանի, կուրսերի ավագների և համալսարանի ղեկավարության հետ` միաժամանակ վերահսկելով գործընթացը բոլոր կուրսերում։

Բնագիտական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Էդիտա Առստամյանը հեռավար ուսուցումը ստեղծված իրավիճակի պայմաններում արդյունավետ է համարում` նշելով, որ վերալիցքավորում են իրենց մտքերը և ձեռք բերում նորանոր գիտելիքներ. «Ամեն օր ավագներից տեղեկանում եմ դասապրոցեսների ընթացքի մասին։ Բոլորս պարապում ենք ըստ դասացուցակի, եթե համացանցի հետ կապված խափանումներ չեն լինում։ Բացասական կողմը առաջին հերթին կապի խափանումն է դասապրոցեսներին և նրա թույլ լինելը։ Մեծ սիրով ենք մասնակցում բոլոր դասերին։ Մաղթում եմ բոլորիս մեծ համբերություն, առողջություն, մնանք տանը և լինենք պարտաճանաչ»։

«Հեռավար ուսուցումը ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ Դրական կողմերից կարելի է առանձնացնել առցանց պարապմունքների ժամանակ ժամանակակից դիդակտիկ տեխնոլոգիաների օգտագործումը, իսկ բացասական կողմերից հարկ է նշել ուսուցանող-ուսուցանվող կենդանի շփման բացակայությունը, որը կարևոր գործոն է ուսումնական գործընթացի ժամանակ», - ասել է մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Հռիփսիմե Մկրտչյանը` ընդգծելով, որ ֆակուլտետի ուսանողներն ըստ դասացուցակի բարեխղճորեն մասնակցում են բոլոր առցանց պարապմունքներին և կարևորում դրա նշանակությունը ստեղծված իրավիճակում:

«Պարապմունքները անց են կացվում նույնպիսի ոգևորությամբ,ինչպես սովորական ռեժիմով։ Վստահ ենք, որ այս շրջանը ևս կանցնենք պատվով և հնարավորություն կունենանք նորից հաճախել համալսարան»,- նշել է տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Տիգրան Սարգսյանը։