Արցախի պետական համալսարան

        DSC00092         DSC00086

Սեպտեմբերի 28-ին տոն էր Արցախի պետական համալսարանում. մեկ ամիս առաջ համալսարանականների շարքերը համալրած առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունն էր, որն արդեն որպես ավանդույթ անց է կացվում մայր բուհի զոհված ուսանողների հուշակոթողի մոտ: Եվ դա պատահական չէ. նահատակների ապրած կյանքը դաս ու դասագիրք պիտի դառնա ներկա սերնդի համար:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ հյուրերը հարգեցին հայրենիքի համար նահատակված 72 ուսանողների հիշատակը` ծաղիկներ դնելով նրանց հուշակողոթին:
Առաջին կուրսեցիներին առաջինը շնորհավորեց ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը: <<Ցանկացած երիտասարդի համար բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելը, ուսուցումը և մասնագիտություն ձեռք բերելը կարևոր պահ են նրա կայացման համար: Ընդունվելով Արցախի պետական համալսարան` դուք արդեն մեծ իրադարձություն եք արձանագրել ձեր կյանքում: Հետագա մյուս գործընթացները ձեզ համար սկսվում են այս վայրից:Դուք երդում կտաք այս սրբավայրում` ձեր ավագ եղբայրների,  ընկերների հայացքների ներքո, ովքեր պահանջում են ձեզնից լավ սովորել, ապրել ազնվորեն, աշխատել և հզորացնել մեր երկիրը>>, - ասաց Ստեփան Դադայանը:
Օրհնանքի խոսքում նորակոչիկ ուսանողներին ողջունեց և լիարժեք ուսում ու երջանիկ ուսանողական տարիներ մաղթեց Պարգև Սրբազանը:
Արցախի մայր բուհի ուսանող դառնալու կապակցությամբ առաջին կուրսեցիներին շնորհավորեց նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարարը: <<Շուրջ մեկ ամսվա ուսումնառության ժամանակ դուք երևի զգացել եք ուսանողական կյանքի քաղցրությունը, ձեր դասախոսներից ստացել եք առաջին պատգամները: Ձեր գլխավոր նպատակը խելացի մասնագետներ դառնալը պիտի լինի: Պետությունը հույսեր է կապում ձեզ հետ, քանզի երկրի յուրաքանչյուր բնագավառ պետք է համալրվի որակյալ մասնագետներով: Իսկ լավագույն մասնագետների դարբնոցն այստեղ է` Արցախի պետական համալսարանում և մենք` ներկաներս, չենք կասկածում, որ դուք կարդարացնեք մեր բոլորիս ակնկալիքները>>,- ասաց նախարար Սլավա Ասրյանը:
Երդման խոսքի պատիվը տրվեց առաջին կուրսի ուսանողուհի Սոնյա Աղաջանյանին:Առաջին կուրսեցիները հավաստիացրին, որ իրենց նպատակին հասնելու համար լի են վճռականությամբ:Ազատագրված հայրենիքի պետական դրոշը բարձր պահելու պատրաստակամությամբ` նրանք երդվեցին. հարուստ գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին չընկրկել դժվարությունների առջև, մաքառել` գիտության բարձունքները նվաճելու համար, վառ պահել նահատակների հիշատակը, հավատարիմ մնալ նրանց անմահ գաղափարներին, պատվով ու պատասխանատվությամբ շարունակել նրանց կիսատ թողած գործը:
Առաջին կուրսեցիների ստուգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը հանձնեցին Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, նախարար Սլավա Ասրյանը և ռեկտոր Ստեփան Դադայանը:
Միջոցառումն ավարտվեց նախնական զինվորական պատրաստություն բաժնի ուսանողների շարանցումով:

 

DSC00114         DSC00117