Արցախի պետական համալսարան

kamԱրարել բարին և տարածել այն որքան հնարավոր է շատ։ Սա իմ հերոսուհու կյանքի գլխավոր նպատակն է ու ապրելակերպը։ Իմ հերոսուհին Քրիստինե Ջալալյանն է, ով սովորում է Արցախի պետական համալսարանի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժնի 3-րդ կուրսում։ Քրիստինեի հետ խոսեցինք ուսանողական կյանքի, արտակարգ իրավիճակի պայմաններում  նրա առօրյայի և, առհասարակ, նրա կյանքի գլխավոր նպատակի մասին։

-Քրիստինե՛, ինչպե՞ս է անցնում ուսանողական կյանքը, ինչո՞վ ես լցնում օրդ։

-Ուսանողական կյանքս շատ հետաքրքիր է անցնում։ Եվ, ըստ ինձ, ուսանողական կյանքը մենք ենք հետաքրքիր դարձնում։ Եթե մենք ինքներս հետքրքիր կազմակերպենք մեր օրը, մասնակցենք տարբեր միջոցառումների և այլն, ապա այն  հետաքրքիր կլինի իսկ, եթե սահմանափակվենք դասերով և ամբողջ օրը նստենք տանը, այն ուղղակի մեր կողքով կանցնի։ Եվ ես ինքս փորձում եմ հետաքրքիր դարձնել իմ օրերը։ Փորձում եմ համատեղել դասերը ներհամալսարանական և արտահամալսարանական տարբեր միջոցառումների հետ։

-Ինչպե՞ս ես կազմակերպում օրերդ արտակարգ իրավիճակի պայմաններում, ինպես է անդրադառնում այն ուսումնական գործընթացի, ստեղծագործական եռանդիդ վրա։

-Օնլայն դասերը, ճիտն ասած, այդքան էլ հարմար չեն ինձ։ Ռեալ շփումը ավելի հետաքրքիր է և արդյունավետ։ Բայց, քանի որ հնարավորություն չկա, փորձում ենք հարմարվել, ակտիվ մասնակցել և առավելագույնս արդյունավետ օգտագործել ժամանակը։ Գյուղում օրս շատ հետաքրքիր է անցնում.վայելում եմ օրերս բնության գրկում, ընտանիքիս հետ։ Ստեղծագործական առումով արտակարգ իրավիճակը ավելի դրական է ազդել։ Ավելի շատ եմ աշխատում, մոտիվացվում եմ, որպեսզի հետագայում իրագործեմ բոլոր ծրագրերս։

-Ո՞րն է քո կյանքի կարևորագույն նպատակը։

-Իմ կյանքի գլխավոր նպատակը, արդեն նաև ձեռքբերումը իմ ծրագիրն է։ Ծրագիրը կոչվում է «Օգնության ձեռք»։ Մտահղացումը դեռ վաղուց էր ծնվել։ Ամեն անգամ տեսնելով տարբեր անապահով ընտանիքների վիճակը, ինչպես նաև տարբեր բարեգործական ծրագրերի կատարած աշխատանքները՝ իմ մեջ էլ առաջացավ ցանկություն օգնել այդպիսի մարդկանց։ Եվ միշտ մտածում էի, որ կգա մի օր և ես նույնպես կկարողանամ օգնել նրանց։ Սակայն անինքնավստահության պատճառով հետաձգում էի անընդհատ։ Համենայնդեպս, ինձ մոտ ստացվեց, և մի օր հավաքեցի ուժերս ու սկսեցի ծրագիրը։ Դա 2019թ.-ի հունվարն էր։ Ծրագրի կարգախոսն է «Օգնության ձեռք մեկնիր և պարգևիր ժպիտ»։ Այն իրենից ներկայացնում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում օգնություն են ստանում անբարենպաստ և անապահով պայմաններում ապրող ընտանիքներ։ Ծրագրի շրջանակներում հավաքվում են տարբեր տեսակի օգնություններ՝ գումար, ուտելիք, հագուստ, գրենական պիտույքներ և հասցվում են այդ ընտանիքներին։

-Ո՞րն է եղել առաջին ծրագիրը։ Ի՞նչ եք զգացել, երբ առաջին անգամ կարողացել եք մեկին օգտակար լինել։

-2018թ.-ի դեկտեմբերին համալսարանի նախաձեռնությամբ այցելել էինք ծերանոց։ Այնտեղ հանդիպեցի մի քսանչորսամյա աղջկա, ով ծնողներ չուներ, իսկ բարեկամները հրաժարվել էին նրանից և այդ պատճառով հայտնվել է այնտեղ։ Հարցրեցի՝ ինչ նվեր կցանկանա ամանորին, և նա գիրք ուզեց։ Գիրքը փոխանցեցի նրան, և նրա ուրախությանը չափ չկար։ Ես նույնպես շատ մեծ դրական էներգիա և ուժ ստացա և կարելի է ասել, որ հենց դա հիմք հանդիսացավ ծրագրի ստեղծմանը։

-Ի՞նչ ծրագրեր եք հասցրել իրականացնել և առաջիկայում ինչ ծրագրեր են սպասվում։

-Ծրագրի շրջանակներում օգնություն են ստացել մի շարք ընտանիքներ, որոնք ապրում էին անբարենպաստ պայմաններում։ Տրամադրել ենք այդ ընտանիքներին սնունդ, հագուստ, երեխաների համար գրենական պիտույքներ ինչպես նաև դրամական օգնություն։ Այցելել ենք ծերանոց, մանկատուն։ Այնտեղ նույնպես օգնություն ենք տրամադրել, ինչպես նաև հանդես ենք եկել մշակութային ծրագրերով։ Այցելել ենք նաև Շուշիի «Շող» կենտրոն։

Կան ընտանիքներ, որոնց համար օգնություն է  հավաքվում և հավաքվելուն պես կտրամադրվի։ Մայիսի 9-ին ընդառաջ ծրագրում ենք զոհվածների ընտանիքներին նունպես  մեր շնորհակալությունը հայտնել։

-Ինչպիսի՞ն է լինում մարդկանց արձագանքը։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է մեր հասարակությունը հետաքրքրված անապահով մարդկանց ճակատագրով։

-Ծրագրին աջակցեցին բավականին շատ մարդիկ։ Նունիսկ այնպիսի մարդիկ, որոնք այդքան էլ լավ չեն ապրում, բայց որոշակի չափով իրենց օգնությունն են ցուցաբերել։ Եվ ես զգացել եմ, որ մեր հասարակության մեջ դեռ կան բարի մարդիկ, ովքեր միշտ պատրաստ են ուրիշին օգնության ձեռք մեկնել։ Ծրագիրը շուտով կստանա պետական գրանցում։ Շուտով կունենա ավելի մեծ հնարավորություններ, կունենա նոր հովանավորներ։

-Արտակարգ իրավիճակի պայմաններում շարունակո՞ւմ եք Ձեր գործունեությունը։ Ի՞նչ ծրագրեր եք իրականցնում համաճարակի պայմաններում։

-Սկզբնական շրջանում ցանկանում էինք դադարեցնել գործունեությունը։ Սակայն, երբ գիտակցեցինք, որ այս պայմաններում մեր գործունեությունը ավելի է կարևորվում, որոշեցինք, որ շարունակելու ենք։ Տարբեր հարթակներում հայտարարաություն ենք տարածել, դիմել ենք կամավորական խմբերին և առաջարկել ենք մեր օգնությունը։ Նպատակ ունենք նաև մեր օգնությունը առաջարկել մեծահասակներին և մեր հնարավությունների չափ օգնել նրանց։  Փորձում ենք նաև կիսվել մարդկանց հետ մեր լավատեսությամբ և ինչ-որ չափով կոտրել հուսահատությունը նրանց մեջ. մասնակցել ենք «Save Hand» չելենջին և փոխանցել ենք մյուսներին։ Որպես թիմի ղեկավար՝ ես իրավունք չունեմ հուսահատվել և փորձում եմ իմ լավատեսությունը տարածել ոչ միայն թիմի անդամների, այլև բոլոր մարդկանց շրջանում:

-Ի՞նչ խորհուրդ կտաս մեր ուսանողությանը, ինչպե՞ս հաղթահարել այս իրավիճակը։

-Ես հավատում եմ, որ Աստծո կամոք ամեն ինչ լավ կլինի, և շատ շուտով այս վիճակը կավարտվի։ Խորհուրդ եմ տալիս բոլորին ընդունեն այս մեկուսացումը ոչ թե որպես պատիժ կամ ինչ-ոչ վատ բան, այլ որպես հնարավորություն հանգստանալ ժամանակակից աշխարհում ստեղծված քաոսից և նորից գտնել ինքներս մեզ ու մեր կյանքի համը։

Հարցազրույցը`  Վիկտորյա Սարգսյանի, լրագրություն 3-րդ կուրս