Արցախի պետական համալսարան

11 1Հունիսի 5-ին ԱրՊՀ-ում տեղի է ունեցել ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր: Առկա և հեռակա ուսուցման համակարգերի հեռավար ուսուցման ընթացքի մասին տեղեկատվությամբ հանդես են եկել ֆակուլտետների դեկաները` նշելով, որ գործընթացն ընթանում է բնականոն հունով:

Ավարտական խմբերի ամփոփիչ ատեստավորման նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկատվություն է ներկայացրել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ.Սահակյանը: Ըստ տեղեկատվության` նախանշված աշխատանքներն իրականացվում են, համապատասխան լսարանները տեխնիկապես ապահովվել են, գործընթացը շարունակվում է` ամփոփիչ ատեստավորման ստուգումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր հանրակացարանաբնակ ուսանողների մուծած վճարների մասնակի վերադարձման գործընթացին: ԱրՊՀ ռեկտորը նշել է, որ ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում և ճշտվում են այն ուսանողների անունները, ովքեր հանրակացարանում բնակվելու համար վճարել էին նաև երկրորդ կիսամյակի վարձը: Մարտի 1-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրակացարանում բնակվելու համար կատարած վարձավճարները վերադարձվելու են ուսանողներին:

Օրակարգի մյուս հարցը հունիսի 9-ին կայանալիք ԱրՊՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման մշտադիտարկման նախապատրաստական աշխատանքներին էր վերաբերում: Ռեկտորատը քննարկել և ամփոփել է այդ ուղղությամբ կատարված աշխատանքի առանցքային կետերը` նախանշելով անելիքները:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը քննարկված հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումներին առկա թերացումների վերացման ուղղությամբ` հորդորելով ստեղծված իրավիճակում դրսևորել պատասխանատվություն և ամեն ինչ անել ուսումնական գործընթացը արդյունավետ կազմակերպելու, ուսումնական տարին պատշաճ մակարդակով ավարտին հասցնելու համար: