Արցախի պետական համալսարան

IMG 4610aa IMG 4635aa

IMG 4652aa IMG 46101a

Հունիսի 10-ից մեկնարկել են ԱրՊՀ բակալավրիատի առկա և հեռակա, մագիստրատուրա առկա ուսուցման համակարգերի 2019-2020 ուսումնական տարվա ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները ավանդական եղանակով:

Ուսանողների` հինգ հոգուց բաղկացած խմբերի համար նախապես սահմանվել էր համալսարան ներկայանալու ժամանակացույց: Ըստ հաստատված ժամանակացույցի` ուսանողները փոքր խմբերով ներկայանում են համալսարան դիմակներով և ձեռնոցներով` հետևողականորեն պահպանելով համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր պայմանները: Այս մասին որոշում էր կայացվել դեռևս նախորդ ռեկտորատի նիստի ընթացքում:

Ռեկտոր Արմեն Սարգսյանը հավաստիացրել է, որ պահպանվելու են բոլոր անհրաժեշտ պայմանները` ուսումնական տարին պատշաճ մակարդակով ավարտին հասցնելու համար:

Նրա խոսքով` համաձայն նախապես ընդունված ռեկտորատի որոշման`հանրապետության սահմաններից դուրս, ինչպես նաև պարետատան որոշմամբ տեղաշարժի սահմանափակման մեջ գտնվող ուսանողների ստուգումները կկազմակերպվեն հեռավար եղանակով: Նման ուսանողները պարտավոր են ստուգումից մեկ օր առաջ դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանին:

Այս տարի շուրջ 700 շրջանավարտ է ունենալու ԱրՊՀ-ն, և, ինչպես ռեկտորն է նշել, քննարկումների և խորհրդակցությունների արդյունքում է ընդունվել ստուգումները ավանդական եղանակով կազմակերպելու վերաբերյալ որոշում, որպեսզի չլինեն բացթողումներ և թերացումներ գործընթացի արդյունավետությունն ապահովելու, գնահատումն օբյեկտիվ իրականացնելու հարցում:

«Բոլոր այն լսարաններում, որտեղ կկազմակերպվեն ստուգումները, իրականացվել են ախտահանման աշխատանքներ, ախտահանումը պարբերաբար կրկնելու են, լսարաններն ապահովված են ախտահանիչ նյութերով, պահպանվում են համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության բոլոր կանոնները»,-նշել է ռեկտորը:

Ուսանողուհի Անուշ Ավագյանը նշել է, որ ստուգումների ավանդական եղանակը, անշուշտ, գերադասելի է առցանց եղանակից, քանի որ ավանդական եղանակով ապահովված է օբյեկտիվությունը, ինչպես նաև չեն առաջանում տեխնիկական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք բնորոշ են առցանց եղանակին:

Ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանի խոսքով գործընթացն ընթանում է բնականոն հունով, արտառոց որևէ խնդիր առայժմ չի արձանագրվել:

Ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները կտևեն մինչև հունիսի 15-ը: