Արցախի պետական համալսարան

DSC00165            DSC00162

Հոկտեմբերի 2-ին Արցախի պետական համալսարանն իր հարկի տակ հյուրընկալեց եռօրյա ճանաչողական այցով Արցախում գտնվող Շվեյցարիայի Ազգային ժողովի` Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին` համանախագահ Դոմինիկ Դը Բյումանի գլխավորությամբ:

Արցախի մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ հյուրերը նախ ծաղիկներ դրեցին համալսարանի զոհված ուսանողների հուշակոթողին:
Եղբայր համալսարանների համագործակցության կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ դրվեց ԱրՊՀ և շվեյցարիացի պատգամավորների բարեկամության հիմնաքարը: Մայր բուհի ռեկտոր Ստեփան Դադայանը ողջույնի խոսքում հանգամանալից ներկայացրեց համալսարանի ստեղծման պատճառներն ու սկզբնաղբյուրները, որպես գաղափարաքաղաքական օջախ նրա դերը Ղարաբաղյան շարժման մեջ: Այսօր Արցախի պետական համալսարանը համագործակցության սերտ կապեր ունի աշխարհի ճանաչված բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ, ինչի առիթով Արցախի մայր բուհ են ժամանում լավագույն մասնագետներ: Բացի այդ, ԱրՊՀ ուսանողները հնարավորություն ունեն իրենց ուսումը շարունակելու տարբեր երկրների հեղինակավոր համալսարաններում: Ս. Դադայանի խոսքերով` Շվեյցարիայի համալսարանների հետ դեռևս կապեր չունեն, սակայն հուսով են, որ այս հանդիպումը հիմք կհանդիսանա համագործակցության հրավեր ստանալու նաև շվեցարական` հարուստ պատմություն ունեցող բուհերից:
Դոմինիկ Դը Բյումանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Արցախի մայր բուհի ղեկավարությանը` ջերմ ընդունելության համար: Ըստ նրա` Արևմտյան քաղաքակրթության մեջ գիտելիքն ու մշակույթը իրականացվում են վանքերում ու համալսարաններում: Այստեղ` Արցախում, այդ երկու տարրերը միավորված են, համոզված է շվեյցարացի խորհրդարանականը: <<Երբ ուսումնասիրում ենք հայ ժողովրդի պատմությունը, տեսնում ենք, որ ինչպես մարտիրոսված ամեն մի ժողովրդի մոտ, հայ ժողովրդի պարագայում նույնպես թշնամին փորձել է ոչնչացնել ազգի սերուցքը` մտավորականությանը: Սա ցույց է տալիս, թե ինչքան մեծ է ձեր հաստատության առաքելությունը` երկրի ապագայի կերտման գործում: Շվեյցարիայի մեր պատվիրակությունը հիացած է ձեր ջանքերով, որ գործադրում եք մատաղ սերնդի ուսուցումը բարձր մակարդակով կազմակերպելու համար>>,- ասաց Դոմինիկ Դը Բյումանը: 
Շվեյցարիայի պատգամավորները հանդես եկան իրենց հուզող հարցերով: Նրանց մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչ ֆակուլտետներ են գործում ԱրՊՀ-ում, արդյո՞ք ուսանողները ռազմական պատրաստություն են անցնում տեղում կամ` բուհի հիմնադրման ժամանակ ո՞րն է եղել դասավանդող լեզուն: <<Ձեր այցը ԼՂՀ կնպաստի, որպեսզի Եվրոպան ճիշտ հասկանա մեզ, հասկանան, որ մենք ոչ թե հրաժարվում, այլ ընդունում և մոտ ենք կանգնած եվրոպական քաղաքակրթությանը, -ասաց Ստեփան Դադայանը: ԱրՊՀ-ն առաջիններից մեկն է ընդունել Բոլոնիայի հռչակագիրը և այսօր մեր ուսումնական գործընթացը կազմակերպվում է դրա համաձայն: Եթե դուք շրջեք ամբողջ Արցախով` կտեսնեք քրիստոնեական արժեքներ, որոնց մեջ, ինչպես դուք ասացիք, դպրոցներ էլ կան: Մենք չենք հրաժարվում մեր արժեքներից և ուզում ենք տեր կանգնել դրանց, ինչի համար էլ հարց ենք բարձրացրել>>:
Հարցեր ունեին նաև համալսարանականները: Մանկավարժության ֆակուլտետի դեկան Արզիկ Մխիթարյանի հարցին, թե Շվեյցարիայի խորհրդարանն ինչպես է վերաբերվում արցախցիների ինքնորոշման խնդրին, Դոմինիկ Դը Բյումանն ասաց. <<Երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականությանը` Շվեյցարիայի խորհրդարանն իրավասություններ ունի խորհրդատվության առումով: 2013թ. Շվեյցարիան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, և պետք է իր համբավն ի սպաս դնի հանուն հարավային Կովկասի խաղաղության: Մեզ համար կարևոր հանգամանքներ են հանդիսանում իրավական պետություն կերտելու ձգտումն ու ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահպանումը: Հարյուրամյակներ ի վեր Շվեյցարիայում բազմակարծության ավանդույթներ են հաստատվել, որոնցից մեկն էլ փոքրամասնությունների նկատմամբ հարգանքն է>>: Խոսելով Արցախի Հանրապետության առջև ծառացած դժվարությունների մասին, շվեյցարիացի խորհրդրանականը նշեց, որ դրանցից ամենաառաջինն այն է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից: Հակամարտության մեջ ներքաշված երկրները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ: Շվեյցարիան ապագա ամիսներին աշխատելու է հանուն այդ խաղի կանոնների, ասաց Դ. Բյումանը:
Ինչ վերաբերում է մարդասպան Ռ. Սաֆարովի էքստրադիցիային վերաբերող հարցին, ըստ Դ. Բյումանի, դա որևէ առնչություն չունի դիվանագիտության հետ: Շվեյցարիան հրապարակավ իր բողոքն է  արտահայտել Հունգարիայի դեսպանությանը` հանդես գալով համապատասխան հաղորդագրությամբ: <<Մենք չենք կարող հանդուրժել, որ որևէ երկիր պատվի արժանացնի այն անձնավորությանը, որը սպանություն է կատարել>>,- ասաց նա:
Հյուրերը եղան նաև մայր բուհի օտար լեզվի կաբինետում, որտեղ այդ պահին ֆրանսերենի դաս էր անցկացվում: Ուսանողների հետ մտքեր փոխանակելով` նրանք հիացան արցախցի երիտասարդների ֆրանսերեն լեզվի իմացությամբ:
Հանդիպման ավարտին Դոմինիկ Դը Բյումանը Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի կողմից նվերներ հանձնեց ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանին:

 

  DSC00173