Մարդ, ով իր կյանքում չի փնտրել անձնական շահեր

03.10

2012

     SHNORHANssDES

Օրերս Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ մեր լեռնաշխարհի արժանավոր զավակ, հայտնի պետական-քաղաքական գործիչ Մուշեղ Գրիգորի Օհանջանյանի <<Արցախ` հայրենի եզերք>> գրքի շնորհանդեսը, որին ներկա էին հաստատության պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

  Մ. Օհանջանյանը մայր բուհի լավագույն բարեկամներից է և պատվարժան հյուր այս կրթօջախում, ասաց ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը: Նրա անմիջական նախաձեռնությամբ ու հետևողական ջանքերով  է 1969-ին բացվել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը, որի հիմքի վրա էլ ներկայումս գործում է պետական համալսարանը: <<Ստեփանակերտի մանկավարժականը>> վերնագրի տակ հեղինակը մանրամասն ներկայացրել է իր հուշերն այդ մասին: Ընդհանուր առմամբ`  գիրքը հեղինակի անցած բազմամյա և իմաստնալից կյանքի էջերը հանրագումարի բերելու փորձ է, որում տեղ են գտել տարբեր տարիներին նրա ունեցած հրապարակային ելույթները` հոդվածներ, հարցազրույցներ, հուշեր, հիշատակի խոսքեր, իր ժամանակի հանրային հնչեղության երևույթների, իրողությունների ու մարդկանց արժևորումներ, նաև իրեն իսկ ժամանակակիցների տված գնահատանքներ: Արդյունքում ժողովվել, ի մի է բերվել ոչ միայն մեկ անհատի, թեկուզ և նշանավոր անհատի կյանքի պատմությունը, այլև արցախյան իրականության ուշագրավ համայնապատկերը` սկսած անցյալ դարի քսան-երեսնական թվականներից առ այսօր` 21-րդ դարի 2-րդ տասնամյակ:
Իր խոսքում հեղինակը հպարտությամբ նշեց, որ երկու տարուց հետո կդառնա 90 տարեկան, որից յոթ տասնամյակն արտացոլում է իր բեղմնավոր աշխատանքային գործունեությունը` զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ: Նրա կարծիքով, սակայն, կարևորը ոչ թե ապրած տարիներն են, այլ թողած գործը: <<Հաշվի առնելով, որ մարդուն գնահատում են ոչ թե ապրած տարիներով, այլ կատարած գործերով, թողած հետքով, ես արել եմ ինձնից կախված ամեն ինչ` իմ ծննդավայրի` Նորագյուղի, մեր հերոսական երկրամասի` Լեռնային Ղարաբաղի, մեր քաջ ժողովրդի անունն ու պատիվը բարձր պահելու համար>>, - ասաց Մուշեղ Օհանջանյանը:
Նրա հավաստմամբ` գիրք գրելու գաղափարը ծնվել է մեկ տարի առաջ: Ու չնայած գրող չէ և իր իսկ խոստովանությամբ գիրքը գրված չէ գեղարվեստական ոճով, այդուհանդերձ, որոշել ու  հիշողություններն է թղթին հանձնել: Գրիչը ձեռքն է առել այն գիտակցումով, որ ներկայիս երիտասարդությունը տեղյակ լինի, թե ավագ սերունդը 70 տարի շարունակ գտնվելով Ադրբեջանի ենթակայության տակ ձեռքերը ծալած չի նստել, որ հնարավորինս ամեն ինչ արել են Արցախ աշխարհում հայկական շունչն ու ոգին, գիրն ու գրականությունը, մշակույթը, արվեստը պահպանելու համար: Իր պաշտոնավարման տարիների ընթացքում` Ադրբեջանի ղեկավարության աչքի առաջ Մ. Օհանջանյանը տարեկան 2-3 անգամ գնում էր մայր Հայաստան: Երևան կատարած այցերից մեկի ժամանակ նա հանդիպեց բոլորիս քաջածանոթ Սարգիս Բաղդասարյանի հետ, որի արդյունքում ծնվեց <<Մենք ենք, մեր սարերը>> հուշակոթողը` դառնալով Ղարաբաղի խորհրդանիշը:  <<Արցախ. հայրենի եզերք>> գրքի հեղինակը հանգամանալից ներկայացրեց քանդակի ստեղծման պատմությունը, որն, ի դեպ, զարդարում է գրքի շապիկը: Հուշակոթողի տեղադրումից հետո Ադրբեջանի ղեկավարությունը վայնասուն բարձրացրեց` մեղադրելով նախաձեռնողներին ազգայնամոլության մեջ: <<Էս ի՞նչ եք արել… Ի՞նչ է, դուք համարում եք որ այս հողից միայն ղարաբաղցի տատիկներ ու պապիկնե±ր են ծնվում... Ազնվորեն եմ ասում` եթե այդ կշտամբանքը հիմա ներկայացնեին` այս հասակում, ես կասեի` գնացեք կոտորվեցեք, այո, այս հողում միայն հայկական տարազով տատիկներ ու պապիկներ են ծնվում>>, - պատմում է այդ ամենի ականատես Մուշեղ Օահնջանյանը:
Հեղինակի ժամանակակից, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը բարձր գնահատելով գիրքը, նշեց, որ այնտեղ ներկայացված է մեր լեռնաշխարհի տարեգրության վերջին վաթսուն տարվա ընթացքը: Նրա կարծիքով` պատմական փաստեր կան, որից պետք է օգտվի գալիք սերունդը: Այն լուրջ հայտ է` Արցախում վերջին տարիներին ստեղծված ազգագրության մեջ: Բացի այդ, գոյություն ունի մեկ այլ կարևոր փաստ. այն, որ գրքում սեփական կենսագրության միջոցով վեր են հանվում այնպիսի անհատներ, ովքեր վաստակ ունեն պետության կայացման ճանապարհին: Ընթերցողի համար բացվում են գաղտնիքներ, որոնք ժամանակին չեն ընկալվել, ասաց Սոկրատ Խանյանը:
ԱրՊՀ պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանի խոսքերով`  Մուշեղ Օհանջանյան-երևույթը ֆենոմեն է: <<Մենք զարմացած ու հիացած ենք նրա տրամաբանական մտքի խորությամբ ու սլացքով,- ասում է Ա. Մխիթարյանը: - Մենք պետք է այսօր արժանին մատուցենք նրանց, ովքեր ժամանակին շանթարգելի դեր են կատարել մեր երկրամասի համար: Այդպիսի մի շանթարգել է եղել Մուշեղ Օհանջանյանը, ով ժամանակին ոչ միայն կարողացավ դիմակայել այդ ճնշմանը, այլև դարձավ բուհ հիմնադրող ռահվիրա, ինչի համար մեր մեծագույն խոնարհումն ու շնորհակալությունն ենք հայտնում նրան>>:  Պրոֆեսոր Մխիթարյանը նույնպես գտնում է, որ գիրքը շատ գաղտնիքներ է բացում, որոնց մասին ներկա ավագ սերունդը տեղյակ չէ: <<Իրոք, Արցախը գտնվում էր գերված, շղթայված, - ասաց նա: - Եվ Հայաստանի անունն անգամ սարսափեցնում էր ադրբեջանցիներին: Ու նման պարագայում` եթե մեր ղեկավարությունը ուշքը շրջում էր դեպի Հայաստան աշխարհը` դա համարվում էր մեծագույն հերոսություն>>: 
Իսկ ո՞րն է Մ. Օհանջանյան անհատի երկարակեցության գաղտնիքը: Ֆիզիկամաթեմատիական ֆակուլտետի դեկան Կարեն Արամյանի հավաստմամբ` դա նրանում է, որ նա միշտ իմաստավորել է իր կյանքը: <<Նա չի փնտրել անձնական շահեր,-ասում է Կ.Արամյանը:  - Նա իր անձնականն իր ժողովրդին ծառայելու մեջ է տեսել: Մինչև վերջ հավատարիմ ծառայել իր ժողովրդին. ըստ իս` սա է մարդու երկարակեցության գաղտնիքը>>:
ԱրՊՀ կերպարվեստի ամբիոնի վարիչ, գեղանկարիչ Լավրենտ Ղալայանը համոզված է, որ <<Արցախ` հայրենի եզերք>>  գիրքը կապրի: Որ Մուշեղ Օհանջանյանն իր էությամբ, իր ապրած հարուստ կյանքի բովանդակությամբ ու հայրենանվեր արարումներով մարդ-տարեգրություն է` ազգի պատմության կերտողներից մեկը:
Մ.Օհանջայնանն իրեն երջանիկ զգալու շատ առիթներ ունի. երջանիկ է, որ հայ է ու արցախցի, որ ծնվել է բազմազավակ ընտանիքում (յոթ եղբայր ու մի քույր), որ իր գործուն մասնակցությունն է ունեցել հայրենի երկրի տնտեսության բոլոր բնագավառների վերելքն ապահովելու գործում: Երջանիկ ու հպարտ է, որ կրում է Ստեփանակերտի պատվավոր քաղաքացու բարձր կոչումը: Քաղաք, հանուն որի զարգացման ու բարգավաճման հանգիստ ու դադար չի ունեցել: Երջանիկ է, որ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում որդեգրել է անմահ Մեծն Լոռեցու` Թումանյանի պատգամը. <<Գործն է անմահ, լավ իմացեք...>>: