Արցախի պետական համալսարան

Արդեն երկրորդ տարին է` ԱրՊՀ-ում իրականացվում է «Կենսաբանության արդիականացումն Արցախում» ծրագիրը: Ստեղծված և արդիական անհրաժեշտ սարքավորումներով վերազինված լաբորատորիան լիովին շահագործվել է ԱրՊՀ ուսանողության և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար, ինչը նպաստել է լաբորատոր պարապմունքների և ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի իրականացմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի իրականացման մասին է մեր հարցազրույցը ծրագրի ղեկավար, կ.գ.դ., դոցենտ, ԱրՊՀ դասախոս Հասմիկ Գալստյանի հետ:

-Տիկի´ն Գալստյան, «Կենսաբանության արդիականացումն Արցախում»  ծրագրի շնորհիվ ԱրՊՀ-ում ստեղծված լաբորատորիան ինչպե՞ս է նպաստում համալսարանի կրթական գործունեությանը:

-Ծրագիրն անշուշտ նպաստել է ԱրՊՀ ուսանողների ուսումնագիտական գործընթացի արդյունավետության բարձրացմանն ու գործնական հմտությունների կատարելագործմանը: Ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ԱրՊՀ կենսաբանության ամբիոնի դասախոսական կազմի համար սահմանված է լաբորատորիայում աշխատելու ժամանակացույց: Դասախոսությունները կազմակերպվում են համակարգիչների և էկրան-մոնիտորի կիրառմամբ: Լաբորատոր դասընթացներին օգտագործվում է նաև թվային մանրադիտակը, դյուրատար սրտագրիչը և այլ լաբորատոր սարքավորումներ: Ծրագրի շնորհիվ ԱրՊՀ ուսանողներն ուսումնառության ընթացքում ձեռք են բերում և կատարելագործում իրենց գիտելիքները, գործնական հմտություններն ու կարողությունները:

-Հայտնի է, որ լաբորատորիայում իրականացնում եք նաև գիտական գործունեություն: Ի՞նչ կասեք այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:

-ԱրՊՀ կենսաբանության բաժնի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում ավարտական աշխատանքներն ու մագիստրոսական թեզերն իրականացնել տեղում` ըստ մասնագիտացումների: Ծրագրի երկրորդ տարում գիտական որոշ աշխատանքներ են իրականացվել թվային մանրադիտակի, դյուրատար սրտագրիչի ու բիոսկոպի կիրառմամբ:

2019-2020 ուս. տարվա մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողուհիների Աշխեն Ներսիսյանի և Լիլիա Ավանեսյանի մագիստրոսական թեզերի  շրջանակներում (ղեկավար՝ Հ. Գ. Գալստյան) լաբորատորիայում առաջին անգամ իրականացվել է օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի գնահատում՝ «Բիոսկոպ»  սարքավորման համալիրի օգտագործմամբ և սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ վիճակի գնահատում դյուրատար կարդիոգրաֆի օգտագործմամբ: Հետազոտության վերջնարդյունքները կհրատարակվեն «ԱրՊՀ գիտական տեղեկագրում»: Թվային մանրադիտակի կիրառմամբ իրականացվել են 9 մագիստրոսական թեզեր և ավարտական աշխատանքներ:

Կենսաքիմիական անալիզատորի կիրառմամբ առաջին անգամ իրականացվել է ավարտական աշխատանք (ղեկավար՝ Գալստյան Հ. Գ., կատարող՝  Մանուշ Սիմոնյան), իսկ քաշիչ պահարանը, ավտոկլավը, ջրի թորիչ սարքը, ռեցիրկուլյատորը սկսել են կիրառվել մյուս ավարտական աշխատանքի շրջանակներում (ղեկավար՝ Գալստյան Հ. Գ., կատարող՝  Հարությունյան Անգելինա):

Պետք է նշել, որ ԱրՊՀ հայցորդներին ու ասպիրանտներին ևս հնարավորություն է ընձեռվել տեղում իրականացնել գիտական որոշ աշխատանքները: Լաբորատորիայի աշխատանքներին ներգրավված են ԱրՊՀ կենսաբանության և քիմիայի ամբիոնի ասպիրանտ Նոնա Գրիգորյանը և շրջանավարտ մագիստրանտ Արտյոմ Սահակյանը: Վերջինս 2020 թ. հունվարին ձևակերպվել է որպես նույն ամբիոնի հայցորդ հոգեֆիզիոլոգիայի ուղղվածությամբ, իսկ 2020-2021 ուս. տարում նախատեսվում են աշխատանքներ լաբորատորիայի ֆիզիոլոգիական սարքերի կիրառմամբ: Ասպիրանտ Նոնա Գրիգորյանի թեկնածուական ատենախոսության շրջանակներում իրականացված թվային-մանրադիտակային հետազոտության արդյունքում բացահայտվել են ոչ միայն Արցախի, այլ նաև ՀՀ համար գիտական նորույթ հանդիսացող մի շարք դրույթներ, որոնք գտնվում են տպագրության մեջ միջազգային գրախոսվող ամսագրում:

2019-2020 ուս. տարում իրականացված հետազոտությունների վերջնարդյունքներով «ԱրՊՀ գիտական տեղեկագրում» տպագրվել է 5 գիտական հոդված:

-Ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար պահանջվում է նաև համագործակցություն առաջատար կառույցների հետ: Համագործակցության ոլորտում ի՞նչ ձեռքբերումներ կան:

            -Ծրագիրը պահանջում է համագործակցություն ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի, Երևանի պետական  բժշկական համալսարանի և Երևանի պետական համալսարանի առաջատար մասնագետների հետ, ինչին նպաստել են մեր գործուղումները Երևան: Նոյեմբերի 27-30-ը ԱրՊՀ կենսաբանության լաբորատորիա են այցելել ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ինտեգրատիվ կենսաբանության լաբորատորիայի վարիչ, կ.գ.դ., պրոֆեսոր Ռ.Շ.Սարգսյանը և գիտաշխատող Ա.Մ.Մանուկյանը: Նախատեսում ենք կազմակերպել ևս մի խումբ մասնագետների այցը ԱրՊՀ լաբորատորիա՝ տեղում խորհրդատվություններ իրականացնելու նպատակով: Ոլորտի առաջատար կառույցների հետ նման համագործակցությունը միտված է բարձրացնելու ԱրՊՀ կենսաբանության ամբիոնի մասնագիտական կոմպետենտության ու միջազգային հեղինակության մակարդակը:

Ծրագրի շրջանակներում ակնկալվում է համագործակցություն նաև ՀՀ ու  ԱՀ այլ համալսարանների, ԱՀ գիտական կենտրոնի և ԱՀ բժշկա-կենսաբանական ոլորտի հիմնարկների ու ձեռնարկությունների հետ: Այս առումով արդեն իսկ ակտիվ համագործակցել ենք ԱՀ հանրապետական հիվանդանոցի և կենտրոնական զինվորական հոսպիտալի լաբորատորիաների հետ: 2020թ. ապրիլին հայտնի են դարձել Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) կողմից կազմակերպված մրցույթի արդյունքները: Հաղթող ճանաչված 24 գիտական խմբերի մեջ էր նաև ԱՀ գիտական կենտրոնից ներկայացված «Վերականգնողական գործընթացի ազդեցությունն օրգանիզմի ֆունկցիոնալ կարգավիճակի վրա՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարման ժամանակ» ծրագրի գիտական խումբը /գիտական խորհրդատու՝ Հ.Գ.Գալստյան, ղեկավար՝ ԱՀ գիտական կենտրոնի գիտաշխատող Մանուշ Հայրապետյան, կատարող՝ ԱրՊՀ մագիստրոս Մանուշ Սիմոնյան/, որի գիտահետազոտական աշխատանքների մի մասը սերտորեն կապված է լաբորատորիայի գիտական գործունեության հետ: Այս ուղղությամբ նախատեսում ենք նաև իրականացնել հանդիպում ԱՀ որոշ հանրակրթական դպրոցների աշակերտների հետ, ինչը կնպաստի բուհ-դպրոց կապի ամրապնդմանը և կենսաբանական գիտությունների արդիականացմանը սովորողների շրջանում:

-Ծրագրի իրականացման ի՞նչ հեռանկարներ ունեք ապագայում:

- Ծրագրի երրորդ տարում այն կապահովի կենսաբանության ոլորտում բարձրագույն կրթության բարեփոխումներին համապատասխան կայուն զարգացում, արդյունքում հիմքեր կստեղծվեն այս բնագավառում հետագա բարեփոխումների իրականացման համար: Նոր մասնաշենք տեղափոխվելուն պես հնարավորություն կստեղծվի լիովին շահագործել մանրէաբանական և կենսաքիմիական ուղղվածությունները, քանի որ մեր` ժամանակավոր պայմանները շատ հեռու են ընդունված ստանդարտներից, և օբյեկտիվ պատճառներով այս ճյուղերը դեռ կայացմնան փուլում են գտնվում: Ծրագիրն ավարտելուց հետո կստեղծվեն որակավորման նոր հիմքեր, կընդգրկվեն նաև այլ կառույցներ: