Արցախի պետական համալսարան

Նոր   ուսումնական  տարվան  ընդառաջ  Արցախի  պետական  համալսարանում  նախապատրաստական  աշխատանքներ   են  տարվում: Մայր   բուհը   պլանավորում  է  առաջին  կուրսեցիներին   դիմավորելու   և  իրազեկման  հետ  կապված  մի  շարք   աշխատանքներ:

«Երկար  ընդմիջումից  հետո ուսանողությունը  հնարավորություն  կունենա  անցնելու  առկա  ուսուցման  համակարգին: Ինչպես  արդեն գիտենք, սեպտեմբերի  1-ից  համալսարան  են  հաճախելու  առաջին  կուրսեցիները  և  դա  մեզ  համար  լրացուցիչ  հնարավորություն  է նրանց  հետ  նախատեսվող  աշխատանքները  լիարժեք  կազմակերպելու  համար»,-ասել է ՈւՇՀՀՏԱԳ  պրոռեկտոր  Վ.  Յարամիշյանը` հավելելով, որ այն ուսանողները, ովքեր  ամենաբարձր միավորներով են ընդունվել,  առաջինը  հանդիպում  կունենան  համալսարանի  ռեկտորի   հետ: Պատասխանատուները ուսումնական  տարվա  առաջին  շաբաթը  կօգտագործեն առաջին  կուրսեցիներին համալսարանական  կյանքին,  գործող  կանոնադրություններին, իրենց  իրավունքներին  և  պարտականություններին   ծանոթացնելու  համար, ինչպես  նաև  կնախապատրաստվեն   հիմնական   ուսանողական   խմբերի   պարապմունքների  անցկացմանը, որը  կսկսվի   սեպտեմբերի  7-ից:

Ուսանողների  հետ  տարվող  աշխատանքների և  կարիերայի  բաժնի  պատասխանատու  Վահե  Գալոյանի  խոսքով  նախատեսվում  է  առաջին  կուրսեցիներին  դիմավորելու, համալսարանական  ներքին  կանոններին  ու  կառույցներին  ծանոթացնելու  աշխատանքները    կազմակերպել   ուսանողական  խորհրդի հետ  համատեղ ջանքերով: Համապատասխան  խմբերը ուսանողներին կուղեկցեն  մինչև  իրենց  լսարանները,  որտեղ  նրանց  հետ  կհանդիպեն  կուրսղեկները: Առաջին  կուրսեցիները հանդիպումներ  կունենան ֆակուլտետների դեկանների  և   համապատասխան  կառույցների  ներկայացուցիչների  հետ: Առաջիկայում  նախատեսվող  միջոցառումների  կազմակերպումը  կախված  կլինի  համաճարակի  հետագա ընթացքից և զարգացումից: Ավանդական  միջոցառումներից  բացի,    նախատեսվում  է  նաև  նոր  ձևաչափով   այլ  միջոցառումներ  կայնքի  կոչել: «Եթե  ստեղծվեն  լիարժեք  հնարավորություններ, ապա  կիրականացնենք մի  շարք բովանդակալից  ծրագրեր»,-նշել է Վ. Գալոյանը: