Արցախի պետական համալսարան

Օգոստոսի   26-ին  Արցախի  պետական  համալսարանում  կայացել    են  2020-2021 ուստարվա  մագիստրատուրայի  ընդունելության  քննությունները: Ուսանողների  խոսքով`  քննություններն  ընթացել  են  օբյեկտիվ  և  արդար, պահպանվել  են  հակահամաճարակային  բոլոր  կանոնները:

Բանասիրական ֆակուլտետի «Թարգմանչական գործ» բաժնի  ուսանողուհի  Աննա  Մուսայելյանի  խոսքով`  օտար լեզուների իմացությունը յուրաքանչյուրի առջև լայն հորիզոններ է բացում, սակայն անգլերենին զուգահեռ որոշել է ուսումնասիրել նաև իրավագիտությունը:

«Ուսումս շարունակելու եմ նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի «Քրեական իրավունք և դատավարություն» բաժնում: Ընտրել եմ իրավագիտության ֆակուլտետը, որովհետև իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր իրավունքներն ու պարտականությունները: Կարծում եմ՝ լավ իրավաբանը պետք է ունենա կամքի ուժ»,-ասել  է նա՝  հավելելով, որ  իրավաբանի գիտելիքներ ձեռք բերելու իր սպասելիքները ԱրՊՀ-ն կիրականացնի, քանի որ համալսարանում դասավանդում են լավագույն մասնագետներ, որոնք իրենց փորձով ու գիտելիքներով օրինակ են ծառայում ուսանողներին:

 «Տարրական  մանկավարժություն  և  մեթոդիկա»  բաժնի  ուսանողուհի  Ալիսա  Խաչատրյանը, ով  քննություն է  հանձնել  մագիստրատուրայի «Հոգեբանություն»  ընդունվելու  համար, կիսել  է  տպավորությունները և նշել. «Սպասելիքներս  շատ  մեծ  են, հուսամ  առաջիկա   երկու  տարիների  ընթացքում  կստանամ այն   անհրաժեշտ  գիտելիքները, որոնք  բավարար  կլինեն  լավ  և  պահանջված  մասնագետ  դառնալու  համար»:

Մագիստրատուրայի 2020-2021 ուստարվա ընդունելության քննությունների արդյունքներն առաջիկայում հասանելի կլինեն ԱրՊՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում: