Արցախի պետական համալսարան

    Սիրելի´ ուսանողներ

    Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Այսօրը տոն է բոլոր նրանց համար, ովքեր իրապես  արժևորում են գիտելիքը և իրենց ամեն մի օրը ծառայեցնում գիտելիքների անսահման աշխարհում առաջ շարժվելուն։

   Անցած ուսումնական տարին լի էր աննախադեպ մարտահրավերներով, որոնք համատեղ ուժերով կարողացանք հաղթահարել։ Աշխարհը մոլեգնած համավարակի պատճառով կարողացանք ավանդական կրթաձևին համակցել նաև առցանց ձևաչափը, ինչը նորույթ էր մեր կրթական դաշտում։ Ստեղծածը տարեցտարի բազմապատկելու ավանդույթ կա ձևավորված Արցախի մայր բուհում, ինչն էլ գրավականն է բարձրագույն կրթության անընդհատական զարգացման։ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ նոր ուսումնականը սկսում ենք այդ զարգացմանը նոր թափ հաղորդող մի մեծ ծրագրով՝ ԱՀ Նախագահի ծրագրային դրույթներից բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար ուսուցման ծրագրի ներդրմամբ, որը խարսխված կլինի որակի ապահովման վրա։ Սա առաջին հերթին խոսում է այն մասին, որ բարձրագույն կրթությունը և որակյալ մասնագետների պատրաստումը գտնվում է երկրի ղեկավարի անմիջական ուշադրության կենտրոնում, ինչը պարտավորեցնող է, և յուրաքանչյուրիցդ ակնկալվում է դառնալ բարձրորակ, պահանջարկ ունեցող, մրցունակ մասնագետ։

   Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին կուրսեցիներին, ովքեր կատարել են արդեն իրենց կյանքի ամենակարևոր քայլերից մեկը՝ ընտրելով Արցախի մայր բուհը:

   Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ օգտագործել ձեզ ընձեռված ժամանակն ու հնարավորությունները՝ այդ ամենը ծառայեցնելով գիտելիք ամբարելու անսպառ գործընթացին։

  Համավարակի պայմաններում կոչ եմ անում նաև բոլորիդ պահպանել առողջությունը և հետևել հակահամաճարակային ցուցումներին: Առողջ եղեք և գիտելիք ստանալը դարձրեք նպատակ: