Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:

Օրակարգի առաջին հարցով ֆակուլտետների դեկանները ներկայացրել են տեղեկատվություն ուսումնական գործընթացի և 2020-2021 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի լուծարքի ընթացքի մասին: Ըստ տեղեկատվության` ֆակուլտետներում դեկանները կազմակերպել են հանդիպումներ առաջին կուրսեցիների հետ, իրականացրել անհրաժեշտ իրազեկման աշխատանքներ, կազմվել են դասացուցակները, տեղաբաշխվել լսարանային ֆոնդը: Ուսումնական գործընթացն ընթանում է բնականոն հունով: Սեպտեմբերի 7-ից  պարապմունքները կմեկնարկեն նաև բակալավրիատի առկա 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերում և մագիստրատուրաում, նախապատրաստական բոլոր աշխատանքներն արդեն իրականացվել են:

ԱրՊՀ ռեկտորը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է ուսանողների հետ աշխատանքներ տանել նաև` նրանց նախապատրաստելով էլեկտրոնային ուսուցման նոր հարթակով ուսումնառությանը, տրամադրել էլեկտրոնային անհատական հասցեները, գրանցել համապատասխան հարթակներում, փորձնական դասեր կազմակերպել` համակարգին լիարժեք ինտեգրելու նպատակով:

Օրակարգի հաջորդ հարցով ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկայացրել է  ԱրՊՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման ընթացքը` նշելով, որ հավատարմագրման նպատակով հոկտեմբերի 19-ից 21-ը նախատեսվում է փորձագիտական խմբի այցը ԱրՊՀ:

Ա. Սարգսյանը գործընթացի պատշաճ իրականացման նպատակով համապատասխան հանձնարարականներ է տվել ինքնավերլուծություն իրականացրած խմբերի պատասխանատուներին:

Ռեկտորատի այլ հարցերում քննարկվել են ուսանողների դիմումներ, առկա խնդիրների վերաբերյալ կայացվել որոշումներ: