Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի  9-ին Արցախի  պետական  համալսարանում  դասախոսությամբ  հանդես  է  եկել  հայ-հունական  ծագում  ունեցող, Հայոց  ցեղասպանությունը  վերապրածի թոռ, դոկտոր  Մարինա  Մխիթարյանը: Արդեն  երկու շաբաթ  է, ինչ  նա Արցախում է՝ «Արցախի  կանայք՝ պատերազմ, ինքնություն  և  խաղաղություն» վավերագրական  լուսանկարչական  պրոյեկտի  համար  նյութեր  հավաքելու  նպատակով,  և  որպես  առաքելություն`   ցանկություն է  հայտնել  մայր  բուհի  ուսանողությանը  ներկայացնել  իր  անցած  հայանպաստ  ուղին  և  հանդես  գալ «Խաղաղության  հրեշտակը» խորագրով դասախոսություն-պրեզենտացիայով:

ԱրՊՀ լրատվության  և  հասարակայնության  հետ  կապերի  բաժնի   պետ, բ.գ.թ., դոցենտ  Զ. Սառաջյանը  ներկայացրեց   բանախոսի  կեսագրությունը` նրան  անվանելով  խաղաղության  դեսպան, ով  շրջում է  աշխարհից  աշխարհ  և  քարոզում   խաղաղություն, ում  բոլոր աշխատանքների  առանցքում  հենց խաղաղասիրության  թեման  է: Զ. Սառաջյանը իր  խոսքում  շնորհակալություն  է  հայտնել դոկտոր  Մարինա  Մխիթարյանին  նման կարևոր առաքելության  համար  և  նշել. «Եթե  յուրաքանչյուր  մարդ  իր  հոգում  թեկուզ  մեկ  կաթիլ  կրի այդ  խաղաղասիրության կամքը  և  քարոզի, ապա  աշխարհում  այսքան  չարիքներ  և  պատերազմեր չեն  լինի»:

Դոկտոր  Մարինա  Մխիթարյանը  ներկաներին  ցուցադրել  է  իր  լուսանկարները, որոնց  բովանդակությունը  խաղաղությունն  է, շեշտադրումը՝ խաղաղասիրությունը: Նա  ներկայացրել  է  իր  անցած  ուղին,  պատմել  իր լուսանկարների հերոսների  մասին, ովքեր  պատմել  են  իրենց  և  իրենց  նախնիների անցած  ճանապարհը` ցեղասպանություն ու պատերազմներ վերապրածների ճակատագրերով:

«Հիանում  էի  բոլոր  այն  հերոսներով, ովքեր  ամենայն  նրբությամբ  հիշում  էին իրենց  մանկության  ամենաչնչին  դրվագներն  անգամ: Հիշողությունը  այնպիսի  մի  ուժ  է, որը,  չնայած  բոլոր  կուրուստներին, մարդուն  հույս  և  հավատ  է  տալիս  առաջ  գնալու, և  իմ  բոլոր  հերոսները  դրա  վառ  ապացույցն  են»,- ասել  է  Մ. Մխիթարյանը՝ հավելելով, որ այսօր  նա  Արցախում է, քանի  որ Արցախն է  համայն   հայության  խաղաղության  և  միասնության  հրեշտակը:

Մ. Մխիթարյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին: