Արցախի պետական համալսարան

Այսօր` սեպտեմբերի 9-ին, բարձր միավորներով Արցախի պետական համալսարան ընդունված մի խումբ առաջին կուրսեցիների համար կազմակերպվել է արշավ դեպի ‹‹Տիգրանակերտ›› պետական պատմամշակութային արգելոց: 

Հիշեցնենք, որ նախորդ արշավը կազմակերպվել էր դեպի Կատարո վանք: ԱրՊՀ ուսանողների համար արշավները դեպի Արցախի պատմամշակութային վայրեր շարունակական են լինելու: Նպատակը հայրենաճանաչողությունն է, ուսումնական առօրյան ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնելը: Արշավներն իրականացվում են ԱրՊՀ ղեկավարության, ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժնի, ինչպես նաև ուսանողական խորհրդի աջակցությամբ: Ուսանողների խոսքով` նմանատիպ միջոցառումներն անհրաժեշտ են և պատմաճանաչողական նշանակություն ունեն մասնակիցների համար:

«Կերպարվեստ» մասնագիտության  առաջին  կուրսի  ուսանողուհի Լիլիթ Մաթևոսյանը, ով  նույնպես  ընդգրկված  է  եղել  արշավին, կիսվել  է տպավորությամբ  և  նշել. «Իմ կարծիքով, նման արշավները հնարավորություն են տալիս ոչ միայն ճանաչելու մեր հայրենիքը, այլև բացահայտելու ինքներս մեզ ու օգնելու դառնալ ավելի ճիշտ ու հայրենասեր քաղաքացի։ Հուսով եմ` նմանատիպ արշավները շարունակական  կլինեն և մեր այս արշավների շարքը վարակիչ կլինի նաև մյուս կրթական հաստատությունների համար»:

Արմինե  Այվազյանը, ով  սովորում է «Հայոց  լեզու և գրականություն» մասնագիտության  առաջին  կուրսում, նշել է, որ այցելելով Տիգրանակերտի ամրոց և Վանքասար՝ տեղեկացել  են պատմամշակութային կոթողների մասին  հետաքրքիր ու գրավիչ պատմություններից։

«Շատ տպավորված եմ: Բոլորը շատ անմիջական էին, և բոլորիս ջերմ, ուրախ ու ակտիվ ժամանցը ապահովված է: Օրվա  ամենակարևոր  ձեռքբերումներից  մեկը նոր ընկերներն էին, որոնց հետ ծանոթացա արշավի ընթացքում »,- ասել  է  նա:

«Կառավարում»  մասնագիտության  առաջին  կուրսի  ուսանող  Վահե  Ասրիյանը  նշել  է, որ  ճիշտ  ընտրություն է  կատարել  համալսարանի  և  մասնագիտության  ընտրության  հարցում, և  դրա  վառ  ապացույցը  բարձր   առաջադիմությամբ  ընդունվածներին  որպես  խրախուսանք  արշավի  մասնակից  դարձնելն  էր: Նա  նույնպես  կիսվել  է  տպավորություններով  և  նշել. «Հաճելին, օգտակարն  ու  տպավորիչը  մեկտեղված  էին: Հոգևոր  մեծ  էներգիա  ստանալով  վերադարձանք  տուն՝ ակնկալելով  մասնակցելու  նաև  առաջիկայում  նախատեսվող  արշավներին»: