Արցախի պետական համալսարան

Սիրելի՛ ուսանողներ
Հարգելի՛ գործընկերներ
Ողջունում եմ բոլորիդ Արցախի պետական համալսարանից:
Արդեն 36 օր է, ինչ շարունակվում է հայրենական պատերազմը, 36 օր է, ինչ հայոց փառապանծ բանակը կենաց-մահու մարտեր է մղում ադրբեջանաթուրքաահաբեկչական հրոսակախմբերի դեմ: Հաղթանակը հեշտ չի տրվում, և ունենք անդառնալի բազմաթիվ կորուստներ, այդ թվում նաև Արցախի պետական համալսարանի հերոս ուսանողներից ու շրջանավարտներից: Մյուս կողմից օրեցօր տարածվող համավարակն է իր սև գործն անում, որի արդյունքում արդեն իսկ կորցրել ենք համալսարանի բազմավաստակ երկու դասախոսների:

Պատմական բարդ այս իրավիճակում կարևոր է, որ բոլորս լինենք համախմբված, զերծ մնանք անհարկի մեկնաբանություններից և վստահենք միայն պաշտոնական տեղեկատվությանը:
Պատերազմի առաջին իսկ օրերից ՀՀ պետական տարբեր բուհերից ստանում ենք առաջարկություններ մեր ուսանողներին իրենց ուսումնական գործընթացին կցելու համար: Շնորհակալություն հայտնելով բոլորին նման սրտացավության համար՝ միանշանակ պետք է հայտարարեմ բոլորիդ, որ առայժմ դրա անհրաժեշտությունը չկա:
ԱրՊՀ-ում ստեղծված է էլեկտրոնային հարթակ, բոլոր դասընթացների փաթեթները տրամադրված են ուսանողներին, և մշակված են ռազմական դրության պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված պլաններն ու ծրագրերը: Առաջիկայում կհրավիրվի ռեկտորատի նիստ, որի որոշման մասին կտեղեկացնենք:
Փառք ու պատիվ մարտիրոսված մեր հերոսներին, փառք ու պատիվ մեր բանակին, փառք ու պատիվ մեր գերագույն գլխավոր հրամանատարին, ովքեր արել և անում են անհնարինը օր առաջ հաղթանակի հասնելու ու խաղաղություն ամրագրելու համար:
Համոզված եմ՝ ոչ հեռու ապագայում մենք կվերադառնանք բնականոն աշխատանքի, իսկ մինչ այդ ամենայն հավանականությամբ ուսումնական գործընթացը կկազմակերպենք հեռավար եղանակով, ինչի ուղղությամբ ներկայումս աշխատում ենք:
Հարգանքներով՝
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյան