Արցախի պետական համալսարան

Արցախի  պետական  համալսարանի  ռեկտոր  Արմեն  Սարգսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է ուսանողներին հուզող հարցերին: Ողջունելով   ուսանողներին՝  մեկ  րոպե  լռությամբ  հարգել է  Արցախի  դեմ  սանձազերծված  պատերազմի  ընթացքում    իրենց  կյանքը  զեհասեղանին  դրած  քաջորդիների  հիշատակը: 

Ռեկտորը ուղիղ եթերի ընթացքում ներկայացրել է, թե  ինչպես  պետք  է  կազմակերպվի   համալսարանի  հետագա  գործունեությունը:

Անդրադառնալով պատերազմի հետևանքով  շրջանավարտների կորցրած դիպլոմների կրկնօրինակը ստանալու հարցին՝ ռեկտորը նշել է, որ նախկինում դիպլոմների  և  դրանց  կրկնօրինակների  տրամադրումը  իրականացվում էր  համալսարանի  գիտխորհրդի  կողմից  ընդունված  հատուկ  կանոնակարգով, ըստ  որի   շրջանավարտը  նախապես  պետք  է  դիմում  ներկայացնի, որ  կորցրել  է  դիպլոմը, որից  հետո այն  պետք  է  ստանա՝ ինքնարժեքից  երեք  անգամ  ավելի  գումար  վճարելով: ԱրՊՀ  գիտխորհրդի  նիստում   քննարկման է դրվել  նաև  այս  հարցը,  և  գիտխորհրդի  անդամների  միաձայն  որոշմամբ ընդունվել, որ  բոլոր  այն  շրջանավարտները, ովքեր  պատերազմի  արդյունքում  կորցրել  են  դիպլոմները, նրանց  անվճար  հիմունքներով  կտրամադրվի  կրկնօրինակը: Մինչ  այս  բոլոր  աշխատանքերի  կազմակերպումը՝ ուսանողները  կարող  են  ստանալ  տեղեկանք՝ ԱրՊՀ  կնիքով  կնքված,  որտեղ  ներկայացված  կլինի  տվյալ  շրջանավարտի ուսումնառության  տարիների,  կրթական  ծրագրի, ինչպես  նաև  ԱրՊՀ-ից  ստացած  նրա  ավարտական  փաստաթղթի՝  դիպլոմի  համարանիշը: Նույն  հիմունքներով  որոշում  է  ընդունվել  նաև  ուսանողներին  տրամադրել  կորցրած  ուսանողական  տոմսերն  ու  ստուգման  գրքույկները:

Կեցության խնդրի հետ կապված հարցին ի պատասխան ռեկտորը նշել է, որ  Արցախի  իշխանությունների  կողմից  արվում  է ամեն  ինչ,  որպեսզի  հնարավորինս սեղմ  ժամկետներում լուծվեն պատերազմի հետևանքով տեղահանված և մշտական բնակության վայր չունեցողների  կեցության  խնդիրները: Խոսելով հարգելի  պատճառով դասերին չներկայանալու հարցից՝ բուհի ղեկավարը նշել է, որ այդ  բացակայությունները  չեն  ազդի  հետագա  ուսումնառության  վրա: Բոլոր  ֆակուլտետների  դեկաններին, ամբիոնների  վարիչներին և  համապատասխան  ստորաբաժանումների   ղեկավարներին  հանձարարականներ  են  տրվել  կապ  հաստատել  բոլոր  ուսանողների  հետ  և  առաջիկա  շաբաթներին  նրանց  հաճախումը  չվերսկսելու  դեպքում  հնարավորություն տալ, որպեսզի գոնե  մասնակցեն  վերջնական  ստուգումներին  կամ  լուծարքի  շրջանում  կազմակերպված  ստուգումներին:

«Բոլոր  դեպքերում  ուսանողների  ներկայությունը  ստուգմներին  պարտադիր  է»,-ընդգծել է ռեկտորը:

Անդրադառնալով հանրակացարանում բնակվելու համար   ուսանողների մուծած վարձավճարները հետ վերադարձնելու հարցին՝ ռեկտորը տեղեկացրել է, որ  շուտով ուսանողներին  կվերադարձվեն  հոկտեմբեր  և մնացած  ամիսների  համար  մուծված վարձավճարները:

Այն  հարցին, թե  ինչպես  կարող  են  ուսանողները տեղափոխվել  այլ  բուհեր, ռեկտորը  պատասխանել  է,  որ և՛ ԱՀ-ում,  և՛ ՀՀ-ում ուսանողների  ակադեմիական  շարժունությունը՝ մեկ  բուհից  այլ  բուհ  տեղափոխվելը,  իրականացվում  է  համապատասխան  օրենսդրությամբ՝ ուսումնական  գործընթացի  ընթացքում  որևէ  տեղափոխում  չի  իրականացվում: ՈՒսումնական  կիսամյակը  եզրափակելուց հետո այն  ուսանողները, ովքեր  ցանկություն  կհայտնեն  տեղափոխվել  այլ  բուհ  կամ  համալսարանի  ուսուցման  մի  համակարգից  ուսուցման  մյուս  համակարգ՝  առկայից  հեռակա  կամ՝  հակառակը, կարող  են  ներկայացնել  դիմումներ՝  տվյալ  բուհի  ռեկտորի  գրավոր  համաձայնությամբ: Հարգելի  պատճառով  որևէ  ուսանող   դուրս  չի  մնալու  համալսարանից:

ՈՒսանողական  կրթաթոշակների վերաբերյալ  ռեկտորը նշել է, որ  այն արդեն  համակարգված  է, սեպտեմբեր  ամիսը  ներառյալ, առաջիկա  օրերին  ուսանողները  կարող  են  ստանալ հասանելիք կրթաթոշակները:

Ուսման վարձավճարների վերաբերյալ ռեկտորը նշել է, որ ուսումնական  տարվա  սկզբին  հայտարարված որոշումը, ըստ  որի  ԱՀ բարձրագույն  ուսումնական  հաստատությունների՝  տվյալ  դեպքում  ԱրՊՀ, բակալավրիատի  առկա  ուսուցման  համակարգի  վճարովի   համակարգում  սովորող բոլոր  ուսանողների   վարձավճարը  կփոխհատուցի  կառավարությունը, գիտխորհրդի  ընթացքում  ևս  քննարկվեց  և  ԱՀ  ԿԳՄ  նախարար  Լ. Ղարախանյանը  հավաստիացրեց, որ  նախագահի  հայտարարությունը  ուժի  մեջ  է, և  շուտով  կլինի  համապատասխան  որոշում:

«ԱրՊՀ-ն  գտնվում  է այն նույն  կարգավիճակում, ինչպես  գտնվում  էր  մինչ  պատերազմը,  և  այս  ուսումնական  տարվա  բոլոր  շրջանավարտները  ստանալու  են  այն  նույն  դիպլոմները,  ինչ   որ  ստանում  էին  մնացած  տարիների  շրջանավարտները»,-անդրադառնալով բուհի դիպլոմների կարգավիճակի հարցին՝ նշել է ռեկտորը՝ հավելելով, որ ԱրՊՀ  բոլոր  շրջանավարտները  ստանում են  ՀՀ  դիպլոմ  և  համալսարանի  տասնյակ  շրջանավարտներ  այսօր  էլ  իրենց  ուսումը  շարունակում  են  արտասահմանյան, այդ  թվում  նաև  եվրոպական   բուհերում, իսկ  հարյուրավոր  ուսանողներ  այդ  դիպլոմով  աշխատում  են  արտերկրում:

                «Արցախի  պետական  համալսարանում  ստեղծված  են  բոլոր  պայմանները   լիարժեք  ուսուցում  կազմակերպելու  համար: Կրկին  կոչ  եմ  անում  բոլորիդ  փոքրագույն  հնարավորության  դեպքում  վերադառնալ  Արցախ   և  մասնակցել  պարապմունքներին», -եզրափակել է իր խոսքը ռեկտոր Արմեն Սարգսյանը։ Տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել ԱրՊՀ ֆեյսբուքյան էջում։