Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանի թիմը արդեն երկրորդ տարին է մասնակցում  է «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադային:

Օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը այս տարի տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին` առցանց եղանակով, որին ԱրՊՀ-ից մասնակցել են «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ սովորող  ուսանողներ Մարգարիտա Սարգսյանը, Վարդուհի Բեգլարյանը, Հենրիխ Հարությունյանը: Թիմի մարզիչն է ԱրՊՀ  կիրառական մաթեմատիկայի ամբիոնի դասախոս Արթուր Մնացականյանը: Նրա խոսքով` ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ Արցախի քաղաքական կարգավիճակի հետ կապված Ադրբեջանի կողմից խոչընդոտներ են ստեղծվել Արցախի պետական համալսարանի թիմի մասնակցության հարցում, սակայն ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գործուն ջանքերի արդյունքում ԱրՊՀ թիմին հաջողվել է մասնակցել օլիմպիադային:

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Դումանյանին, որովհետև նրա ջանքերի շնորհիվ է մեզ հաջողվել հաղթահարել այն խոչընդոտները, որոնք արգելում էին մեր մասնակցությունը միջազգային օլիմպիադային: Նրա շնորհիվ մեր բուհի ուսանողները կարողացան մասնակցել  «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակչին: Անցյալ տարի ևս  խոչընդոտներ էին ստեղծել մեզ համար. Ադրբեջանի ճնշումների ներքո վրացի ղեկավարը չի թույլատրել մեզ մասնակցել կիսաեզրափակչին»,-մեզ հետ զրույցում նշել է թիմի մարզիչ Ա. Մնացականյանը` բարձր գնահատելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի աջակցությունն ու ջանքերը ԱրՊՀ թիմի մասնակցությունը միջազգային օլիմպիադայում ապահովելու հարցում և  երախտագիտություն հայտնել  NERC-ի ղեկավարությանը`  հանձինս Պարֆյոնովի և Կազակովի։

«ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադային մասնակցում էին 300-ից ավելի թիմեր: ԱրՊՀ թիմը արձանագրել է գոհացուցիչ արդյունքներ: