Արցախի պետական համալսարան

Արցախի  պետական  համալսարանում  դասերն  ընթանում  են  բնականոն  հունով: Պարապմունքների վերսկսման առաջին  օրերի  համեմատ  ուսանողների  հաճախումները  դասերին  պարբերաբար  աճում են: Բանասիրական  ֆակուլտետի  դեկան  Լ. Մարգարյանի  խոսքով`  ուսանողների  հաճախումների  թիվը  տատանողական  է: Արցախում  գտնվող  ուսանողների  թիվն  ավելին է, քան  ամենօրյա  հաճախումների  գրանցումներն  են ցույց տալիս, քանի  որ  ուսանողների  մի  մասն ունի  կացարանի կամ տրանսպորտի հետ կապված  խնդիրներ:

«Առաջին  շաբաթվա  ընթացքում  դժվար  էր  դասապրոցեսն  իր  հունով  շարժել, ավելի  շատ դասերն  ընթանում էին  խորհրդատվական  կարգով՝ միմյանց  սատարելուն, ավելի միասնական լինելուն  ուղղված»,- նշել  է Լ. Մարգարյանը՝  հավելելով, որ  այս  պահին  դասերն  ընթանում են  բնականոն  հունով  և ուսանողության  շրջանում  տրամադրվածությունն  ավելի  լավատեսական  և  մեծ  ուժ  տվող  է:

«Աշխարհագրություն» մասնագիտության  4-րդ  կուրսի  ուսանողուհի  Մարիամ Ասրյանի  խոսքով`  հետպատերազմյան  իրավիճակն  ուսանողները  հաղթահարում  են  կարդալով, սովորելով և  աղոթելով:

«Հիմա,  ավելի  քան  երբևէ,  պետք  է լինենք սթափ  և  աշխատասեր, որպեսզի  աջակցենք  և  մասնակից  լինենք  մեր  երկրի առջև  ծառացած խնդիրների լուծմանը: Պիտի  ապրենք  ու  արարենք  բոլոր  նրանց  համար, ովքեր  չապրեցին»,- նշել  է  Մ. Ասրյանը:

«Հայոց  լեզու  և  գրականություն»  մասնագիտության  3-րդ  կուրսի  ուսանողուհի  Սրբուհի  Համբարձումյանը  դասապրոցեսի  ընթացքի  մասին  նշել  է, որ  չնայած  հետպատերազմյան  դառը  իրականությանն  ու  ստեղծված  ծանր  իրավիճակին,  ուսանողությունն  ամեն  կերպ  փորձում է  ապահովել  ներկայությունը  դասերին  և  ձգտում  է  վերադառնալ  նախկին  ուսանողական  կյանքին:

«Մենք՝ ուսանողներս, որպես  մեր մի բուռ հայրենիքի  ապագան կերտողներ, պարտավոր  ենք ներկայանալ  դասերին, որպեսզի  մեր  ձեռք  բերած  գիտելիքները   կարողանանք  ի  նպաստ  մեր  երկրի  բարօրության  օգտագործել»,- իր  խոսքում  նշել  է  Ս. Համբարձումյանը: