Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի 19-ից 21-ը Արցախում և Հայաստանի Հանրապետությունում սուգ է հայտարարված: Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի զոհերի հիշատակը հարգել են նաև ԱրՊՀ-ում: Արցախի  պետական  համալսարանի մի  խումբ  ուսանողներ մայր  բուհի  զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշակոթողի  մոտ հարգանքի  տուրք  են  մատուցել  արցախյան  պատերազմում  անմահացած  մեր  նահատակաների  հիշատակին:

«Մենք  պետք  է  հասկանանք, որ  մեր  հերոսների  թափած   արյունը  անտեղի  չէր,  և  կրկին  կծնվեն   հերոսներ, որովհետև  մենք աշխարհում  ունենք  ամենաթանկը՝ մեր  քաջորդիների  արյամբ  շաղախված   հայրենիք»,- նշել  բ.գ.թ., դոցենտ  Զ. Բալայանը՝  հավելելով, որ  հանուն  նոր  ապագայի  պետք է ցույց  տանք, որ  արցախցին է  իր  հողի  տերը  ու  այն  շենացնողը:

 «Մոնթե, Լեոնիդ,  Պետո, Ռոբերտ  և  Ալբերտ, մերօրյա  նահատակներ, խոնարհվում  ենք  Ձեր  շիրիմներին: Մենք,  հանդիսանալով  մեր  հայրենիքի  ժառանգները, պետք  է  կրկին Աստծո  զորությամբ  վերածնվենք  և  մոխիրներից  վեր  հառնենք»,- ուսանողության  անունից  նշել  է  «Հայոց  լեզու  և  գրականություն»  մասնագիտության  առաջին  կուրսի  ուսանողուհի  Մարիամ  Պողոսյանը:

Ուսանողները  ծաղիկներ  են  խոնարհել  հուշակոթողին  և  երդվել  միշտ  վառ  պահել  մեր  սուրբ  նահատակաների  անմար հիշատակը: