Հարգելի´ գործընկերներ, սիրելի´ ուսանողներ
Ապրելու, արարելու և աշխարհը ավելի լավը դարձնելու կամքը հային բնորոշ է ի բնե: Այսօր առավել, քան երբևէ, այդ որակները գերակա են մեզնից յուրաքանչյուրի գիտակցումի մեջ ու աշխատանքներում: Դրա վկայությունն է նաև պատերազմից դեռ չապաքինված վերքերով Արցախի պետական համալսարանում ուսումնական գործընթացի վերսկսումը: Ցավոք, պատերազմի պատճառով մեր բուհը ևս ունեցավ անդառնալի կորուստներ: Մեր տասնյակ ուսանողներ հանուն հայրենիքի և հայ ժողովրդի անվտանգության դարձան հավերժի ճամփորդներ: Փառք ու պատիվ, հավերժ խոնարհում նրանց: Մեր ժողովրդի համար այդ ծանր օրերին ԱրՊՀ բազմաթիվ ուսանողներ և դասախոսներ առաջնագծում ու թիկունքում իրենց նպաստն են ունեցել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Շնորհակալություն բոլորիդ:
Անցնող տարին կրթական ոլորտում մեր նախանշած անելիքների փոխարեն սեփական հողում անվտանգ ապրելու մարտահրավերը հաղթահարելու հրամայական դրեց բոլորիս առջև` փոխելով առաջնահերթությունները: Եվ այսօր էլ բոլորս միասին այդ մարտահրավերը հաղթահարելուն զուգահեռ շարունակում ենք կրթական ոլորտի խնդիրները լուծելու, մասնագետներ կրթելու մեր առաքելությունը: Սեպտեմբերի 27-ին սանձազերծված կյանքի և մահվան պայքարի արդյունքում, որքան էլ վիրավոր, բայց հաղթեց կյանքը, այսօր ապրում է Արցախի պետական համալսարանը, իսկ ապրեցնողները մեզնից յուրաքանչյուրն է, դո´ւք եք, սիրելի´ ուսանողներ և դասախոսներ:
Մաղթում եմ, որ նոր տարում այլևս ոչ մի դաս կիսատ չմնա պատերազմի պատճառով, ոչ մի ուսանող կիսատ չթողնի ուսումը` զենքը ձեռքին ռազմադաշտ մեկնելու համար: Թող այսուհետ համալսարանականները սխրանքներ արձանագրեն կրթության, գիտության ոլորտում և խաղաղ պայմաններում: Բոլորիդ մաղթում եմ առողջություն, անվտանգ ու բարեկեցիկ կյանք: Խաղաղություն բոլորիդ ընտանիքներին:
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյան